«Զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին․ եթե ժողովրդի կողքին չլինեք, պատասխան եք տալու». Իշխան Սաղաթելյան |news.am|
20:13 - 15 մայիսի, 2022

«Զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին․ եթե ժողովրդի կողքին չլինեք, պատասխան եք տալու». Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Ես և իմ ընկերները պայքարի առաջին օրը հայտարարել ենք գնալու ենք մինչև վերջ, այս պայքարի հաջողության համար դրել ենք ամեն ինչ, ես պատրաստ եմ ցանկացած զոհողության, գնալու եմ առջևից՝ առաջինը հարվածելու եմ, առաջին հարվածը իմ վրա եմ վերցնելու, ամեն ինչ անելու ենք այս պայքարի հաջողության համար։ Այս մասին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։

Ներկայացնենք ելույթն ամբողջությամբ:

«Ողջու՛յն, սիրելի հայրենակիցներ։

Ապրիլի 25-ից իջել ենք փողոց այս իշխանություններին հեռացնելու նպատակով, իսկ սկսած մայիսի 1-ից՝ ամենօրյա ռեժիմով անհնազանդության ակցիաներ, հավաքներ, հանրահավաքներ, երթեր ենք իրականացնում, շրջափակում տարբեր պետական հիմնարկներ և շենքեր։

Մենք մայիսի 1-ից գիշերում ենք այս հրապարակում․ սա արժանապատիվ քաղաքացիների պայքար է, պայքար է ընդդեմ ստի, պայքար ընդդեմ ազգային խայտառակության, պայքար ընդդեմ կապիտուլյացիայի և երկիրը նոր զիջումների տանելու։ Մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչև վերջ և այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով։

Սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք որոշ գնահատումներ անել ստեղծված իրավիճակի հետ կապված։

Ժողովուրդ ջան, ինձ ճանաչում եք, ճանաչում եք նաև այն կուսակցությանը, որը ներկայացնում եմ ես։ Ինձ համար դյուրին չէր, լինելով 132 տարվա ավանդույթներ և կենսագրություն ունեցող կուսակցության Հայաստանի կառույցի ներկայացուցիչ, հայտարարել, որ մի կողմ ենք դնում կուսակցական պատկանելությունը և բոլորս համախմբվում մեկ գաղափարի շուրջ: Ի պատիվ Դաշնակցության՝ մենք դա արեցինք, դա արեցին նաև պայքարին միացած բոլոր քաղաքական ուժերը: Եվ ահա մենք այստեղ ենք՝ համախմբված մեկ գաղափարի շուրջ։ Դրանով մենք հստակ ուղերձ հղեցինք, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է հանուն երկրի, երկրի վիճակը օրհասական է, սա ամենևին նախընտրական պայքար չէ և այդ հարցը այսօր լուծված է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես և իմ ընկերները պայքարի առաջին օրը հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ, այս պայքարի հաջողության համար դրել ենք ամեն ինչ, ես պատրաստ եմ ցանկացած զոհողության, գնալու եմ առջևից՝ առաջինը հարվածելու եմ, առաջին հարվածը իմ վրա եմ վերցնելու, ամեն ինչ անելու ենք այս պայքարի հաջողության համար։ Մենք անսխալական չենք, բայց այս պայքարին նվիրված ենք անմնացորդ ու ձեզ հետ միասին գնալու ենք մինչև հաղթական ավարտ։

Ես ապավինում եմ ձեր միասնությանը, ձեր ուժին․ մեզ ոչ մի բան չի կասեցնելու:

Նիկոլն ու Ալիևը կարծում էին, որ ժողովուրդն այլևս գործոն չէ՝ կարող են միմյանց հետ պայմանավորվել և ժողովրդին պարտադրել նոր զիջումներ։ Մենք ցույց տվեցինք, որ այդպես չէ՝ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել՝ տեր է իր երկրին, տեր է իր հայրենիքին:

Վստահ եմ՝ ձեզանից յուրաքանչյուրը զգացել է այդ պահը։ Ձեզանից յուրաքանչյուրը հասկացել է իր անելիքը։ Ձեզանից յուրաքանչյուրը տեսել է վերականգնման, կողք կողքի կանգնելու ու ավելի հզոր լինելու անհրաժեշտությունը։

Ուզում եմ արձանագրել այս օրերին մեր ձեռք բերած հաջողությունները․

Առաջինը. «Դիմադրություն» շարժումը մասամբ կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը։ Առնվազն հանրային դաշտում իշխանությունը սկսել է քողարկել իր իրական նպատակները․ արդեն փորձում է կեղծել իրականությունը և չունի համարձակություն ասելու այն, ինչին տանում են այս երկիրը:

Երկրորդը. Երկրում ստեղծվել է իրական քաղաքական ճգնաժամ, որը տեսնում են Նիկոլի միջոցով երկրում հակահայ ծրագրեր իրականցնողները, իսկ մեր դաշնակիցների ու գործընկերների համար ակնհայտ է դառնում, որ Նիկոլը կորցրել է իր լեգիտիմությունը և նրա հետ այլևս որևէ բան պայմանավորվելն անիմաստ է։ Բոլորը գնալով հասկանում են, որ այս իշխանությունը լեգիտիմ չէ։

Երրորդ. Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված՝ իր շահերին հակառակ որևէ լուծում, հետևաբար Նիկոլ Փաշինյանը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։

Չորրորդ. Շարժումն ակնհայտ է դարձրել, որ մեր երկրում ձևավորվել է այս իշխանությունների հեռացման հանրային պահանջ, որը մենք ձևակերպեցինք մայիսի 4-ին և խորհրդարանում ներկայացրինք այդ կապիտուլյանտին։ Անցնող օրերի մեր գործունեությունը և հանրային արձագանքը դրա վառ վկայությունն են:

Ժողովուրդ ջան, այս ամենը մենք արել ենք միասին, սրանք մեր կարևոր ձեռքբերումներն են։

Բայց սա բավարար չէ, ձեռքբերումները պետք է դարձնենք անշրջելի՝ հեռացնելով այս դավաճան իշխանությանը:

Ես հիմա զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին՝ դրանց անունները ձեզ հայտնի են։ Եթե ուշքի չգաք, եթե ժողովրդի կողքին չլինեք, պատասխան եք տալու։ Հերիք է ֆինանսավորեք ֆեյքերի ֆաբրիկաները, նպաստեք դավաճան իշխանության մնալուն, ամեն ինչ գիտենք և տեսնում ենք, եթե այդպես շարունակեք հատ-հատ պատասխան եք տալու։

Շարունակությունը՝ news.am-ում։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել