Renault-ի ռուսաստանյան ակտիվները պետական սեփականություն են դառնում
15:48 - 16 մայիսի, 2022

Renault-ի ռուսաստանյան ակտիվները պետական սեփականություն են դառնում

Renault ֆրանսիական խմբի ռուսաստանյան ակտիվները ՌԴ պետական սեփականությունը կդառնան, Meduza-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը։

«ԱվտոՎԱԶ» ընկերության բաժնետոմսերի 67,69%-ը, որը պատկանում էր Renault խմբին, կփոխանցվի Ավտոմոբիլային և ավտոշարժիչային գիտահետազոտական ինստիտուտին, իսկ «Renault Ռուսաստանի» բաժնետոմսերի 100%-ը՝ Մոսկվայի քաղաքային իշխանությանը։ «ԱվտոՎԱԶ»-ի մնացած բաժնետոմսերը կպահպանի «Ռոստեխ» պետական կորպորացիան։

Նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ հետագայում Renault-ն կարող է վերագնել «ԱվտոՎԱԶ»-ի իր մասնաբաժինը։ Ռուսաստանում Renault մակնիշի ավտոմեքենաների սպասարկմամբ կզբաղվի «ԱվտոՎԱԶ»-ը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունը որոշել է Renault-ի մոսկովյան գործարանում վերսկսել «Մոսկվիչ» մակնիշի մարդատար ավտոմեքենաների արտադրութունը։

Գործարքների գումարը չի նշվում։ Իր մամուլի հաղորդագրությունում Renault Group-ը նշում է, որ 2021 թ-ի ավարտին խմբի ակտիվների արժեքը Ռուսաստանում կազմել է 2,195 մլրդ եվրո։ Ապրիլին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը նշել էր, որ դա «լինելու է գործարք՝ պայմանական «մեկ ռուբլով»»։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել