ՀՀ-ն մասնակցում է Սալվադորում կայանալիք Թվային ֆինանսական ծառայությունների եւ ՓՄՁ ֆինանսների աշխատանքային խմբի հանդիպմանը
18:08 - 16 մայիսի, 2022

ՀՀ-ն մասնակցում է Սալվադորում կայանալիք Թվային ֆինանսական ծառայությունների եւ ՓՄՁ ֆինանսների աշխատանքային խմբի հանդիպմանը

Ռուսական rbc.ru կայքի կրիպտոարժույթներին վերաբերող հարթակն այսօր հանդես է եկել մի հրապարակմամբ, որտեղ նշված է, որ Կենտրոնական բանկերի 32 եւ ֆինանսական ենթակառուցվածքների 12 ղեկավարներ կայցելեն Կենտրոնական Ամերիկայի երկիր՝ Սալվադոր, քննարկելու թվային տնտեսությանը, ֆինանսական ծառայությունների թվայնացմանը, ինչպես նաեւ Բիթքոինին վերաբերող հարցեր։ Հրապարակման մեջ նշված է, որ հանդիպման մասնակիցների թվում է նաեւ Հայաստանը։ 

Կայքը տեղեկությունը հրապարակել է՝ հիմնվելով Սալվադորի նախագահի թվիթերյան գրառման վրա, որտեղ վերջինս հայտնել է հանդիպման մասին։ Նա իր միկրոբլոգում նշել է մասնակից պետությունների անունները, որոնցում հիշատակվում է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի մասին։

RBK-ի հրապարակման մեջ շեշտադրումը հատկապես ուղղված է կրիպտոարժույթներին, ինչից տպավորություն է ստեղծվում, թե հանդիպման քննարկման առարկան դրանք են լինելու։ Նյութի վերնագիրն, օրինակ, այսպես է․ «44 երկրների ներկայացուցիչներ Սալվադորում կքննարկեն Բիթքոինին առնչվող հարցեր»։

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում այդտեսակ հանդիպման մասին հրապարակում առկա չէ։ Ուստի Infocom-ը ՀՀ կենտրոնական բանկից հետաքրքրվել է՝ ինչ հանդիպման մասին է խոսքը, արդյոք ՀՀ ԿԲ ներկայացուցիչը մասնակցելու է այդ քննարկումներին եւ արդյոք դրանք վերաբերելու են հատկապես կրիպտոարժույթներին։

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեր հետ զրույցում նշեցին, որ խոսքը Թվային ֆինանսական ծառայությունների եւ ՓՄՁ ֆինանսների աշխատանքային խմբի հանդիպման մասին է։ 

Ֆինանսական ներառականության դաշինքի՝ AFI-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երկու տարվա ընդմիջումից հետո վերսկսում են տետատետ հանդիպումները եւ հյուրընկալում Թվային ֆինանսական ծառայությունների աշխատանքային խմբի (DFSWG) 25-րդ հանդիպումը եւ Փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման աշխատանքային խմբի (SMEFWG) 18-րդ հանդիպումը Սան Սալվադորում։ Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ կայանալիք քննարկումները մասնակիցներին հնարավորություն են տալու զարգացնել կարողությունները, առանձնացնել խնդիրները եւ այլն: Շեշտվում է, որ հանդիպումները նաեւ համընկնում են Էլ Սալվադորի՝ վերջերս մեկնարկած ֆինանսական ներառման ազգային ռազմավարության հետ, որը որպես առաջնահերթություն ունի թվայնացումը եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման հասանելիությունը:

Ինչպես մեր զրույցում մեկնաբանեցին ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ այս միջոցառումը հերթական աշխատանքային խմբերի հանդիպումն է, որը, ինչպես տեսնում ենք նաեւ հաղորդագրությունից, հատուկ կրիպտոարժույթներին չի վերաբերում։ Ինչպես նշեց մեր զրուցակիցը՝ ՀՀ կենտրոնական բանկից ներկայացուցիչ մասնակցելու է այդ աշխատանքային խմբերի հանդիպմանը, որոնցում, ի թիվս այլնի, գուցե քննարկումներ լինեն նաեւ կրիպտոարժույթների վերաբերյալ

Հանդիպումները տեղի են ունենալու մայիսի 16-19։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել