Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մինչև տարեվերջ 80 տոկոսով թարմացնել ավտոբուսային պարկը |armenpress.am|
09:47 - 17 մայիսի, 2022

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մինչև տարեվերջ 80 տոկոսով թարմացնել ավտոբուսային պարկը |armenpress.am|

armenpress.am: Երևանում շուտով կմեկնարկի պիլոտային ծրագիր, որը կլինի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման առաջին քայլը: Մասնավորապես, մեկ կամ երկու ամսից Երևանի մինչև 3 երթուղում հնարավոր կլինի վճարում կատարել քարտային համակարգով, QR կոդով, տեխնիկական այլ միջոցներով: Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը նշեց, որ սա փորձնական ծրագիր է հասկանալու համար բացերը, առավելությունները:

«Մի քանի երթուղիներում պիլոտային ծրագիրը կներդնենք, կհասկանանք, թե որքանով է հարմար, ինչ հնարավորություն է տալիս, ինչ խնդիրներ են լինում, ինչ ավելացնելու ու պակասեցնելու անհրաժեշտություն կա: Քարտային համակարգը հնարավորություն կտա և՛ քարտով, և՛ տեխնիկական այլ միջոցներով վճարել ավտոբուսում, տրոլեյբուսում, մետրոյում»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Միասնական քարտային համակարգի վերջնական ներդրման համար անհրաժեշտ է, որ տրանսպորտային պարկը լինի թարմացված: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մինչև տարեվերջ 80 տոկոսով թարմացնել ավտոբուսային պարկը: Մինչ այժմ Երևան է ներկրվել է 100 փոքր դասի և 211 միջին դասի ավտոբուս: Ընդհանուր 311 շարժակազմով թարմացվել է Երևանի ավտոբուսների պարկը: Ներկրված բոլոր ավտոբուսները շահագործվում են, չհաշված՝ ռեզերվները:

«Երթուղիներում թարմացումները կատարվեցին հետևյալ սկզբունքով: Շահագործման 15 տարին լրացած միկրոավտոբուսները, որոնք դեռ գործում էին, ավտոմատ կերպով դուրս մնացին: Շահագործեցինք նոր ավտոբուսները: Ընթացքում դժվարություններ եղան, գազելներն ավելի փոքր էին, շատ փողոցներով կարողանում էին երթևեկել, իսկ նոր ներկրված ավտոբուսներն այդ հնարավորությունը չունեին: Մենք վերանայեցինք երթուղիները: Այդտեղ որոշ թաղամասերի բնակիչներից բողոքներ ստացանք, որոնք ասում էին, թե ժամանակին իրենց փողոցով անցնում էր երթուղին սպասարկող տրանսպորտը, հիմա՝ ոչ: Մեր կողմից ոչ մի դիտավորություն չկար, պարզապես նոր տրանսպորտային միջոցների չափերով, փողոցների նեղությամբ պայմանավորված վերանայեցինք երթուղիները: Մենք վերանայեցինք նաև շարժակազմի քանակը: Օրինակ 28 համարի երթուղին սկզբում համալրեցինք 10-12 ավտոբուսով, հետո հասկացանք, որ պետք է ավելացնել»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Նոր երթուղային ցանցի ներդրմամբ նախատեսվում է երթուղիներում շահագործել 12 մետրանոց ավտոբուսներ: Արդեն պայմանագիր է ստորագրվել ու շուտով Երևանը կունենա 87 հատ 12 մետրանոց ավտոբուս: Բարձր դասի 12 մետրանոց ավտոբուսներն առանձին երթուղիներ կունենան, հիմնականում կերթևեկեն լայն փողոցներով, լայն պողոտաներով: Դա ենթադրում է, որ այսօր արդեն այդ ուղղություններով երթևեկող միջին, փոքր դասի ավտոբուսները կարող են ուղղորդվել այլ երթուղիներ: Նախատեսվում է նաև ներկրել 15 նոր տրոլեյբուս, ինչպես նաև 100 միջին դասի նոր ավտոբուս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել