ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին
15:54 - 17 մայիսի, 2022

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին

Այսօր Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը  դրական եզրակացություն տվեց ՔՊ խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին։ 

Նախագծով, հիշեցնենք, առաջարկվում էր  պետական մարմիններին հնարավորություն տալ  դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, եթե վերջինս խախտել է աշխատանքային գոտում գործող կանոնները։ 

Նախգծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը հանձնաժողովի նիստում տեղեկացրեց, որ նախագիծը քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության գործընկերների հետ։ 

«Նախագծի փոփոխվող հոդվածները ստացել են հետևյալ տեսքը․ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնող դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից։ Ընդ որում, լրագրողի հավատարմագրած մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն եթե հավատարմագրման դադարեցման մասին լրատվամիջոցը նախազգուշացվել է և մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել է սույն 6-րդ հոդվածով նախատեսված կանոնները, այն է՝ աշխատակարգի կանոնները»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորը պարզաբանեց՝ լրագրողի խախտման դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կնախազգուշացվի պետական մարմնի կողմից, ինչից հետո եթե լրատվամիջոցի կողմից որևէ գործողություն չիրականացվի,  մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ  խախտումը կրկնելու դեպքում  պետական մարմինը կդադարեցնի հավատարմագրումը։ 

Հովհաննիսյանն ընդգծեց՝ գործնականում լրատվական գործունեություն իրականացնողը չի զրկվելու պետական մարմնում ներկայացված լինելու հնարավորությունից, այսինքն՝ որևէ իրավունք այս իմաստով չի խախտվում։ 

Հանձնաժողովը նաև դիմեց Ազգային ժողովին՝  նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը  առաջին ընթերցմամբ քննարկումից հետո՝ 24 ժամվա ընթացքում կազմակերպելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել