Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը մերժվել է․ դատախազությունը պարզաբանում է տարածել
16:41 - 17 մայիսի, 2022

Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը մերժվել է․ դատախազությունը պարզաբանում է տարածել

Առանձին լրատվամիջոցներ «Դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ» վերտառությամբ տեղեկատվություն են հրապարակել, որը որոշակի թյուրընկալումների տեղիք  է տալիս:

Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը՝ պարզաբանելով, որ խնդրո առարկա ներկայացված միջնորդությունը քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից բավարարվել է մասնակի: Մասնավորապես՝ միջնորդության մեջ նշված հանգամանքների ստուգման նպատակով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու ցուցում տալու մասով այն բավարարվել է, իսկ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով՝ մերժվել այն հիմնավորմամբ, որ միջնորդության մեջ նշված՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հանցանք կատարելու մասին փաստական տվյալները, լինելով միջնորդության հեղինակների վերլուծություններն ու հետևությունները, հիմնված են այնպիսի հանգամանքների վրա, որոնք դեռևս ենթակա են քրեական գործով ստուգման։

Եվ հենց քրեական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման նպատակով անհրաժեշտ գործողությունների կատարումն ապահովելու ուղղությամբ էլ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության շրջանակներում արդեն իսկ ձեռնարկվել են դատախազական ներգործության համապատասխան միջոցներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել