Մարիուպոլի վերջին պաշտպանները․ ի՞նչ է ուկրաինական «Ազով» գունդը․ Reuters
20:52 - 17 մայիսի, 2022

Մարիուպոլի վերջին պաշտպանները․ ի՞նչ է ուկրաինական «Ազով» գունդը․ Reuters

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մարիուպոլում հանձնվել է 265 ուկրաինացի զինվորական, որոնք պաշտպանում էին «Ազովստալ» գործարանը՝ ռուսական բանակի կողմից գրավված քաղաքի դիմադրության վերջին օջախը։ Գերեվարվածների թվում 51 ծանր վիրավոր կա։ Ուկրաինայի Գլխավոր շտաբը հայտնել է, որ պաշտպանությունն իրականացնող ստորաբաժանումների հրամանատարներին հրաման է տրվել պահպանել մարտիկների կյանքը։ «Ուկրաինացի հերոսներն Ուկրաինային ողջ են պետք», - ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինան փորձելու է «Ազովստալի» պաշտպաններին փոխանակել ռուսաստանցի ռազմագերիների հետ։

Reuters-ը գրում է «Ազով» գնդի մասին, որը շուրջ երկու ամիս պաշտպանում էր Մարիուպոլն ու «Ազովստալը»։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ըստ ամենայնի, լիակատար վերահսկողության տակ է առնում Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Մարիուպոլ նավահանգստային քաղաքն ուկրաինական վերջին ուժերի ակնհայտ հանձնվելուց հետո, որոնք պատսպարվում էին հսկայական մետաղագործական գործարանում։

 

Ինչպե՞ս է ձևավորվել «Ազով» գունդը

«Ազով» գունդը ձևավորվել է՝ որպես աշխարհազորի կամավորական բազմաթիվ խմբերից մեկը, որոնք միավորվել էին Մոսկվայի աջակցությունը վայելող ռուսամետ անջատողականների դեմ պայքարելու համար, որոնք 2014 թ-ին ՌԴ կողմից Ղրիմի թերակղզու բռնակցումից հետո Ուկրաինայից անջատված երկու շրջան են կազմել Ուկրաինայի արևելքում։

Մարիուպոլն «Ազով» գնդի հոգևոր հայրենիքն է, այն օգնել է Ուկրաինային 2014 թ-ին վերադարձնել քաղաքը ռուսամետ ուժերի վերահսկողությունից։ Մարիուպոլում էլ գտնվում էր գնդի մշտական տեղակայվան վայրը մինչև 2022 թ-ի ներխուժումը։

Գնդի ձևավորումը կապված է Անդրեյ Բիլեցկու «Ուկրաինայի հայրենասեր» կազմակերպության հետ, որն, ըստ քննադատների, կրում էր ազգայնական, ուկտրաաջ գաղափարներ։

«Ազով» գնդի տարբերանշանը նման է սև «վոլֆսանգելին»՝ խորհրդանիշի, որն օգտագործում էին որոշ նացիստական կազմավորումներ և, որոշ քննադատների կարծիքով, նեոնացիստական է։ «Ազովը» պնդում է, որ տարբերանշանը կազմված է N և I տառերից, որոնք նշանակում են «ազգի գաղափար» (ուկր․՝ Ідея Nації – խմբ․), և հերքում է, որ այն նեոնացիստական է։

Ավելի ուշ «Ուկրաինայի հայրենասերը» վերանվանվեց «Ազգային կորպուսի» և, չնայած մյուս ազգայնական կուսակցությունների հետ կազմած դաշինքին, չկարողացավ հաղթել 2019 թ-ի ընտրություններում։ 2018 թ-ին ԱՄՆ Պետդեպարտամենտն «Ազգային կորպուսն» անվանեց «ատելության ազգայնական խումբ»։

Ուկրաինայում քաղաքական էքստրեմիզմը հետաքննող Reporting Radicalism խումբը, որը գործում է Freedom House-ի հովանու ներքո, պնդում է, որ Բիլեցկին բացահայտ ռասիստական մի քանի տեքստեր է գրել։ Բիլեցկին հերքում է իր մոտ ռասիստական կամ նեոնացիստական հայացքների առկայությունն ու ասում, որ հավատում է արժեքների վրա հիմնված ազգայնականությանը:

Միջազգային անվտանգության և համագործակցության ստենֆորդյան կենտրոնը «Ազովը» նկարագրում է՝ որպես «Ուկրաինայում տեղակայված ծայրահեղ աջ ազգայնական ռազմականացված կազմակերպություն»։

 

«Ազովն»՝ Ազգային գվարդիայի կազմում

2014 թ-ին «Ազով» գունդը ներառվեց Ուկրաինայի Ազգային գվարդիայի կազմում, որը երկրի ներքին գործերի ռազմական թևն է։ Կիևը հայտարարել է, որ գունդը բարեփոխվել է, մի կողմ թողել արմատական ազգայնական արմատներն, ու այն ոչ մի կապ չունի քաղաքականության հետ։

«Նրանք մեր պետության պաշտոնական բանակն են։ Նրանք, ովքեր ցանկանում էին քաղաքականությամբ զբաղվել, գնացել և զբաղվում են քաղաքականությամբ։ Նրանք, ովքեր որոշել են ծառայել Ուկրաինայի Զինված ուժերում, դարձել են Զինված ուժերի մի մասը», - մայիսի 1-ին ասել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունական ERT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

CNN-ին տված մեկնաբանությունում նախորդ ամիս «Ազովն» ասել էր, որ «գնահատում և հարգում ենք Անդրեյ Բիլեցկուն՝ որպես գնդի հիմնադիր և առաջին հրամանատար, սակայն ոչ մի կապ չունենք նրա քաղաքական գործունեության և «Ազգային կորպուս» կուսակցության հետ»։

«Ազովը» հերքում է ֆաշիզմի, նացիզմի և ռասիզմի մեղադրանքներն ու նշում, որ գնդում ծառայում են տարբեր ծագման ուկրաինացիներ, այդ թվում՝ հույներ, հրեաներ, Ղրիմի թաթարներ և ռուսներ։

Գնդի ներկայիս և չորրորդ հրամանատարը Դենիս Պրոկոպենկոն է, որին ազգությամբ հրեա Զելենսկին Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել։

Պարզ չէ, թե քանի զինծառայող ունի «Ազով» գունդը, սակայն մեդիայում հանդիպում է 900-2500 մարդ թիվը։

 

«Ազովի» դերը Մարիուպոլի պաշտպանության գործում

«Ազով» գունդն առանցքային դեր է խաղացել 2014 թ-ի հունիսին ռուսամետ ուժերից Մարիուպոլի ազատագրման հարցում։ Այդ տարվա ընթացքում Մարիուպոլը մի քանի անգամ մի կողմից մյուսի վերասհկողության տակ էր անցնում, մինչ Կիևի ուժերը կռվում էին անջատողականների դեմ։

Այս նավահանգստային քաղաքը կենսական կարևորություն ունի Ռուսաստանի համար՝ Ազովի ծովի ափի, ինչպես նաև ռուսամետ տարածքը Ղրիմի հետ կապող ցամաքային կամրջի նկատմամբ լիակատար վերահսկողություն ապահովելու համար։

«Ազովի» մարտիկները դարձել են Մարիուպոլում ռուսական զորքերին ուկրաինական դիմակայության հանրային դեմքը։ Դրա անդամները տեսանյութեր էին հրապարակում Մարիուպոլի մետաղագործական գործարանում ընթացող մարտերի մասին։

Մինչ Ռուսաստանն իր վերահսկողության տակ էր առնում Մարիուպոլի նորանոր շրջաններ, «Ազովի» տեղակայման վայրն ուկրաինական մյուս զորքերի հետ միասին դառնում էր «Ազովստալ» մետաղագործական կոմբինատը, որը Եվրոպայի խոշորագույններից մեկն է։

Ուկրաինայում շատերի համար «Ազովը» մարմնավորում է Ռուսաստանի դեմ մարտնչելու Ուկրաինայի վճռականությունը, որը, Զելենսկու խոսքով, «ձգտում է ոչնչացնել երկիրը»։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել