Պեսկովն «Ազովստալից» զինվորականների դուրսբերումը չի կապում Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման հետ
15:05 - 18 մայիսի, 2022

Պեսկովն «Ազովստալից» զինվորականների դուրսբերումը չի կապում Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման հետ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանում գտնվող ուկրաինացի զինվորականները վայր են դնում զենքն ու հանձնվում են։ Նա հերքել է այն, որ զինվորականներին տարհանում են, և կարծում է, որ նրանց դուրս բերելու գործընթացը կապված չէ Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման հետ, հայտնում է «Կոմերսանտը»։ Երեկ Մոսկվան ու Կիևը հայտարարել են, որ բանակցությունները կասեցված են։

Ռուսաստանը պնդում է, որ «Ազովստալի» ուկրաինացի զինվորականները գերի են հանձնվում։ Ուկրաինան դա անվանում է զինվորականներին դուրս բերելու հումանիտար գործողություն, Կիևը հետագայում ուզում է նրանց փոխանակել ռուսաստանցի ռազմագերիների հետ։ Այս առնչությամբ Պեսկովն այսօր ասել է, որ «մեկնաբանությունը կարող է միայն միանշանակ լինել»։ «Նրանք, ովքեր [այնտեղ] թաքնվում էին, այն զինվորականները, որոնք թաքնվում էին «Ազովստալի» տարածքում, զենքը վայր են դնում և հանձնվում են», - կարծում է նա։

Պեսկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն «իրոք առաջ չեն շարժվում»։ «Չեմ կարծում, որ դրանք մեծապես փոխկապակցված գործընթացներ են (բանակցություններն ու «Ազովստալից» զինվորականներին դուրս բերելը – խմբ․)․․․ Մենք իրոք արձանագրում ենք այս գործընթացը շարունակելու ցանկության լիակատար բացակայություն ուկրաինացի բանակցողների մոտ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

ՌԴ ՊՆ տվյալներով՝ արդեն «գերի է հանձնվել Ուկրաինայի և «Ազով» ստորաբաժանման» 959 զինծառայող։ ՌԴ Քննչական կոմիտեն մտադիր է նրանց հարցաքննել։ Ռուսաստանի Պետդումայում քննարկում են ռուսաստանցի գերիների հետ «Ազովի» անդամների փոխանակման արգելքի հարցը, իսկ ստորաբաժանումն ուզում են ահաբեկչական կազմակերպություն ճանաչել։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել