Ինչո՞ւ է Թուրքիան դեմ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ Al Jazeera
08:45 - 19 մայիսի, 2022

Ինչո՞ւ է Թուրքիան դեմ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ Al Jazeera

Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին և այսօր դաշինքին են հանձնել անդամակցության հայտերը։ Ռուսաստանը, որը մինչ այդ Ֆինլանդիային զգուշացնում էր նման քայլ չանել, մայիսի 16-ին, ի դեմ Պուտինի, հայտարարել է, որ այս երկրների անդամակցության հետ կապված խնդիր չունի, իսկ իր արձագանքը կախված է եվրատլանտյան դաշինքի ենթակառուցվածքի ընդլայնումից։

Սակայն Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 1952 թ-ին, դեմ է արտահայտվել այս քայլին՝ նշելով, որ դրական մոտեցում չունի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ նշել է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամներն «այսօր ակտիվորեն գործում են սկանդինավյան այդ երկրներում և Նիդերլանդներում»։ Իսկ այսօր նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջներն ու կաջակցեն տվյալ հարցում։

Al Jazeera պարբերականը գրում է այն մասին, թե ինչու է Թուրքիան դեմ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

 

«Ի՞նչ խնդիր ունի Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության առնչությամբ

Մայիսի 16-ին Էրդողանը սկանդինավյան երկու երկրներին մեղադրել է «ահաբեկչությանն» աջակցելու համար։

«Այս երկրներից ոչ մեկն ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ հստակ վերաբերմունք չունի», - ասել էր Էրդողանը՝ նկատի ունենալով Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ), որն Անկարան ահաբեկչական է անվանում։

Նույն օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել էր Ֆինլանդիային և Շվեդիային այն բանի համար, որ նրանք չեն արտահանձնել Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող կասկածյալներին՝ չնայած Անկարայի խնդրանքներին։

Նշված անձինք մեղադրվում են ՔԱԿ կամ Գյուլենի շարժման հետ կապերի համար, որին Թուրքիան մեղադրում է 2016 թ-ի հեղաշրջման փորձի համար, որի ժամանակ հարյուրավոր մարդիկ են զոհվել։

Ի պատասխան՝ Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն հայտարարել էր, որ, թեև զարմացած է Թուրքիայի դիրքորոշումից, չի ուզում «սակարկության մեջ մտնել» Անկարայի հետ։

Իր հայտարարություններում Էրդողանն անդրադարձել էր նաև Ստոկհոլմին՝ Թուրքիայի դեմ զենքի հետ կապված պատժամիջոցների առնչությամբ։ Շվեդիան 2019 թ-ից «սառեցրել» էր զենքի վաճառքը Թուրքիային նրա հարևան Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու պատճառով։

 

Ի՞նչ կապ ունի Վաշինգտոնը

Ստամբուլի մշակույթի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մենսուր Աքգյունի խոսքով՝ Անկարան ձգտում է նաև օգտագործել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտը՝ որպես դրա ամենամեծ կողմնակից ԱՄՆ հետ իր խնդիրների լուծման լծակ։

«Անկարան ԱՄՆ պատժամիջոցների տակ է F-35 կործանիչների հարցով և դժգոհ է դրանից», - ասում է Աքգյունը։

Թուրքիայի խողմից Ս-400 ռուսական պաշտպանական համակարգերի գնումն առանցքային հարցերից մեկն է, որոնք վերջին տարիներին սրել են Թուրքիայի և ԱՄՆ հարաբերությունները։

2019 թ-ի հուլիսին ԱՄՆ-ն Անկարային դուրս էր թողել F-35 կործանիչների ստեղծման իր առանցքային ծրագրից այն բանից մի քանի օր անց, երբ Թուրքիան ստացել է ռուսական Ս-400 համակարգերի առաջին խմբաքանակը։

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները հայտարարում են, որ դաշինքի անդամի կողմից ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի օգտագործումը վտանգավոր է հենց ՆԱՏՕ-ի պաշպանական համակարգերի համար, սակայն Թուրքիան հայտարարում է, որ որոշել է գնել այդ համակարգերն այն բանից հետո, երբ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն կասեցրել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքը, որոնք լայնորեն կիրառում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները։

Թուրքիան դատապարտել է նաև Սիրիայում քրդական զինված խմբավորումներին Վաշինգտոնի ցուցաբերած աջակցությունը։ Միացյալ նահանգները ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է համարում, սակայն ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերել Սիրիայում դրա ճյուղավորմանը՝ քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին (YPG), հատկապես՝ 2010 թ-ին ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ամենաթեժ պահին։

 

Եղե՞լ են արդյոք նախկինում նմանատիպ քննարկումներ ՆԱՏՕ-ում

ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված դիվանագիտական փակուղիներ նախկինում էլ են եղել։ Օրինակ՝ Հունաստանը տարիներով արգելափակում էր դաշինքին Մակեդոնիայի անդամակցությունը՝ որպես երկրի անվանման դեմ բողոք, որն, ըստ հույների, հունական ժառանգությունը գողանալու փորձ էր։

Հունաստանն ու Մակեդոնիան համաձայնագիր են ստորագրել 2019 թ-ին, որի համաձայն՝ վերջինս փոխել է անվանումը՝ դառնալով Հյուսիսային Մակեդոնիա, հետո նոր Աթենքը չեղարկել է իր առարկությունները ՆԱՏՕ-ին Սկոպիեի անդամակցության վերաբերյալ։

 

Ի՞նչ է լինելու

Թուրքիան պատմականորեն միշտ կողմ է եղել ՆԱՏՕ-ի ընդլայնմանն, այդ պատճառով էլ պրոֆեսոր Աքգյունը կարծում է, որ, ի վերջո, փոխզիջումային տարբերակ է գտնվելու։

«Թուրքիան կարող է չստանալ այն, ինչ ուզում է, բայց նրա դաշնակիցներն, ըստ ամենայնի, նրան բավարարող որևէ բան կառաջարկեն։ Անկարան իր ազգային շահերին համապատասխան բանակցություններ կվարի, ինչպես դաշինքի մյուս անդամները», - ասում է նա։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել