Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ռուսական «Գազպրոմից» գազ գնող օտարերկրյա 54 ընկերությունների մոտավորապես կեսը հաշիվներ է բացել «Գազպրոմբանկում», գրում է «Կոմերսանտը»։ Սխեման, որով ռուսական գազի գնորդներն արտարժույթ են փոխանցում «Գազպրոմբանկի» իրենց հաշիվներին՝ հետագայում այն ռուբլով փոխանակելու համար, Նովակն անվանել է հարկադիր և անհրաժեշտ միջոց՝ արտահանումից ստացված եկամուտները հնարավոր կալանքից պաշտպանելու համար։
«Մոտ օրերս կունենանք վերջնական ցանկը, թե ով է գազի դիմաց ռուբլով վճարել, ով է հրաժարվել վճարումից», - ասել է ՌԴ փոխվարչապետը։
Երեկ ռուսական բանկում հաշիվ բացելու գործընթաց է սկսել իտալական Eni ընկերությունը, էներգակիրների համար վճարմանն առնչվող ՌԴ պայմաններն ընդունելու մասին է հայտարարել նաև Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիխարդ Սուլիկը, «Գազպրոմբանկի» հետ բանակցություններ է այժմ վարում ֆրանսիական Engie-ն։
Նշենք, որ, Ռուսաստանի պահանջի համաձայն, ռուսական գազի դիմաց վճարումների համար «ոչ բարեկամ երկրները» պետք է հաշիվներ բացեն «Գազպրոմբանկում»՝ հաշվարկները ռուսական ռուբլով իրականացնելու համար։
Նորա Վանյան
comment.count (0)