Ուկրաինական «Ազով» գնդի հրամանատարը խոսել է «Ազովստալի» պաշտպանության դադարեցման պայմանների մասին
15:59 - 20 մայիսի, 2022

Ուկրաինական «Ազով» գնդի հրամանատարը խոսել է «Ազովստալի» պաշտպանության դադարեցման պայմանների մասին

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքը պաշտպանող «Ազով» գնդի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն հայտարարել է, որ քաղաքի պաշտպանության դադարեցման և «Ազովստալ» գործարանում գտնվող զինծառայողների կյանքը պահպանելու հրամանը տվել է Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը, և դրա համար երեք պայման է եղել։ Այս մասին, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ, Պրոկոպենկոն ասել է իր նոր տեսաուղերձում։

«Չնայած ծանր մարտերին, օղակաձև պաշտպանությանն ու մատակարարումների բացակայությանը՝ մենք մշտապես խոսել ենք մեզ համար երեք կարևորագույն պայմանների՝ քաղաքացիական անձանց, վիրավորների և զոհերի մասին», - ասել է նա։

«Հաջողվել է տարհանել քաղաքացիական անձանց, ծանր վիրավորները ստացել են անհրաժեշտ օգնությունը․ նրանց հաջողվել է տարհանել՝ հետագայում փոխանակելու և Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք տեղափոխելու պայմանով։ Զոհված հերոսների մասին․ գործընթացը շարունակվում է։ Հույս ունեմ՝ մոտ ժամանակներս նրանց հարազատներն ու ողջ Ուկրաինան կկարողանան պատվով հուղարկավորել իրենց հերոսներին», - հավելել է Պրոկոպենկոն։

«Ազովստալից» ուկրաինացի զինվորականներին դուրս բերելու գործընթացը մեկնարկել է մայիսի 17-ին։ Երկրի պաշտպանության նախարարությունը դեռևս մանրամասներ չի հաղորդում գործարանի տարածքից վիրավոր ուկրաինացի  զինվորականների դուրսբերման մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր նշել է, որ գործարանի արգելափակումը շարունակվում է, «զենքը վայր է դրել 1908 մարդ»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել