Վարագույրների հետևում խոսում էին ՀՀ-ում ժողովրդավարության մասին․ մեզ համար իրական ժողովրդավարությունը առաջնահերթություն է․ Իշխան Սաղաթելյան
22:46 - 21 մայիսի, 2022

Վարագույրների հետևում խոսում էին ՀՀ-ում ժողովրդավարության մասին․ մեզ համար իրական ժողովրդավարությունը առաջնահերթություն է․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը այսօր կայացած հանրահավաքին ամփոփեց «Դիմադրություն» շարժման գրանցած արդյունքները։

Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ նա ասաց․

«Էսօր դուք ցույց տվեցիք՝ եթե որեւէ մեկը համարձակվի որեւէ փաստաթուղթ ստորագրել, Հայաստան չի մտնելու»։

Սաղաթեյանն անդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը

«Որ պատկերացնեք՝ մեր շարժումը ինչ ծավալների է հասել, ու ինչ արդյունքներ ունենք, շատ լավ չափորոշիչ է երեկ Թուրքիայի բացահայտ աջակցությունը օրվա իշխանություններին։ ՀՀ իշխանություններին օգնության է շտապել Թուրքիայի ԱԳ նախարար, որ հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունը ներսից արմատական ուժերի, դրսից՝ սփյուռքի ազդեցության տակ է։ Ճիշտ եք ասում՝ ՀՀ իշխանությունը ժողովրդի ճնշման տակ է, սփյուռքը ոտքի է, Արցախը ոտքի է, իսկ ձեր գործընկերը՝ մերժված», - հայտարարեց նա։

Ամփոփելով երեկվա իրենց գործողությունները՝ Սաղաթելյանը նշեց, որ հետապնդելով Լիտվայի նախագահին հստակ ուղերձ հղեցին՝ այն մարդը, որի հետ հանդիպում է, լեգիտիմ չէ։

«Երեկ ՀՀ-ում տեղի էր ունենում մի կարեւոր միջոցառում՝ «Ժողովրդավարությունը Հայաստանում» թեմայով, սա խայտառակություն էր․ ժողովրդավարության թեմայով միջոցառմանը թույլ չէին տալիս մտնել լրատվամիջոցներին կամ ընդդիմադիր գործիչներին, վարագույրների հետեւում խոսում էին ՀՀ-ում ժողովրդավարության մասին։ Հայաստանում չկա ժողովրդավարություն, քանի որ դրա թշնամին հայտնվել է իշխանության գլխին», - նշեց ընդդիմադիր գործիչը։ 

Սաղաթելյանն խոսեց նաեւ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ելույթի մասին՝ նշելով, որ «ՀՀ-ում ատելության մթնոլորտ ստեղծողը ունի հստակ հասցե՝ Նիկոլ Վովայի Փաշինյան»։

«Երբ որ վարչապետի աթոռին հայտնված անձը Աժ-ում հայտարարում էր՝ թաթիկներդ կկտրեմ, կծեփեմ ասֆալտին, ընտրարշավի ժամանակ մուրճը ձեռքին վազում էր համայնքի ղեկավարների հետեւից, ձեզանից որեւէ մեկը ձայն չէր հանում, լռում էր, եւ այս իրավիճակի պատասխանատվությունը ինչ-որ կերպով կիսում եք նաեւ դուք։

Հետեւաբար, այո, ՀՀ-ում ատելության խոսքը պետք է վերանա։ Պետք է լինի համերշխություն», - ասաց Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նշեց՝ իրենց համար ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, իրական ժողովրդավարությունը եւ երկրի իրական բարեփոխումները առաջնահերթություններ են։ Նրա խոսքով՝ ամբողջ ծավալով աշխատելու են միջազգային գործընկերների հետ իրական ժողովրդավարություն ունենալու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել