ԱՄՆ նախագահն ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ
17:23 - 22 մայիսի, 2022

ԱՄՆ նախագահն ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ասիա կատարած իր այցի ժամանակ Սեուլում (Հարավային Կորեա) ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ, որոնք վերջին հինգ տարում առաջինն են, գրում է Reuters-ը։

Լրագրողների այն հարցին, թե ինչ ունի նա փոխանցելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, Բայդենն ասել է․ «Բարև։ Վերջակետ»։

Ավելի վաղ ԱՄՆ հետախուզական ծառայությունները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջուկային նոր փորձարկումներ իրականացնել։

«Մենք պատրաստ ենք այն ամենին, ինչ անում է Հյուսիսային Կորեան», - ասել է ԱՄՆ նախագահը։

Նախօրեին Բայդենն ու նրա հարավկորեացի գործընկեր Յուն Սոկ Յոլը պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ դիտարկելու ավելի մասշտաբային զորավարժությունների անցկացման հարցն՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի փորձարկումների։

Իր այցի շրջանակում Բայդենը կհանդիպի նաև «Անվտանգության քառակողմ երկխոսություն» (Quad) կառույցի անդամ Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի առաջնորդների հետ։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել