Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը երիտասարդներ են բարձրացել բեմ և պարզել Արցախի դրոշը
22:32 - 22 մայիսի, 2022

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը երիտասարդներ են բարձրացել բեմ և պարզել Արցախի դրոշը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացման արարողությունը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ելույթից առաջ բեմ բարձրացան երկու երիտասարդ՝ ձեռքներին պահած Արցախի դրոշը։

Մի քանի վայրկյան անց բեմ բարձրացան անվտանգության աշխատակիցները, և նրանք իջան այնտեղից։

Նշենք, որ բուն մրցումները կմեկնարկեն վաղվանից՝ մայիսի 23-ից։ Պատմության մեջ առաջին անգամ է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվում Հայաստանում։

Եվրոպական ստուգատեսին այս տարի կմասնակցի 39 երկիր ներկայացնող մոտ 280 բռնցքամարտիկ, որոնք մեդալների համար կպայքարեն 13 քաշային կարգերում։ Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան որոշել է չմասնակցել Երևանում կայանալիք առաջնությանը։

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա 13 բռնցքամարտիկով, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի մեկական քաշային կարգ։ Այսպիսով, բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ունի հետևյալ կազմը․ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ) Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան(71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել