Իտալիան Ռուսաստանին է փոխանցել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման պլան, այն ուսումնասիրվում է․ ՌԴ ԱԳՆ
15:31 - 23 մայիսի, 2022

Իտալիան Ռուսաստանին է փոխանցել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման պլան, այն ուսումնասիրվում է․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի իշխանությունն Իտալիայից ստացել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման պլան։ Այժմ այդ պլանն ուսումնասիրման փուլում է, «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանն իր վերաբերմունքը պլանին կձևակերպի այն բանից հետո, երբ ավարտի դրա ուսումնասիրումը։ «Մենք այն վերջերս ենք ստացել, ուսումնասիրում ենք», - ասել է դիվանագետը։ Պլանի մանրամասները նա չի հաղորդել։

Իտալիայի իշխանության մշակած ռազմավարության մասին հայտնի է դարձել անցյալ շաբաթ։ La Repubblica թերթը գրել էր, որ պլանը ներառում է հրադադարի հաստատում և ռուսական զորքերի լիակատար դուրսբերում, Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների աստիճանական չեղարկում, Եվրամիությանն Ուկրաինայի արագացված անդամակցություն և նրա կողմից հրաժարում ՆԱՏՕ-ին անդամացությունից, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագրի ստորագրում՝ Դոնբասի և Ղրիմի թերակղզու «վիճելի տարածքների» պատկանելիության մասին, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության մասին նոր պայմանագրի ստորագրում։

Այս ռազմավարությունը փոխանցվել է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն նշել էր, որ իր երկրի մշակած պլանը թույլ կտա Թուրքիային ու Հնդկաստանին ներգրավել միջազգային կազմակերպությունների և միավորումների ջանքերին։ Մայիսի 19-ին Կրեմլը հայտնել էր, թե ծանոթ չէ Իտալիայի պլանին, սակայն «ողջունում է բոլոր նրանց մասնակցությունն, ովքեր կարող են նպաստել կարգավորմանը»։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել