Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
15:08 - 24 մայիսի, 2022

Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ավարտվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր («Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից) Արագած Ախոյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր hնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 24-ին Ա.Ախոյանը www.facebook.com սոցիալական կայքի` իր էջում, հանրային հասանելի հարթակով, ուղիղ եթերի միջոցով, հրապարակել է տեսանյութ, որի ընթացքում նկատի ունենալով նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ժամանակ երկու քաղաքացիների միջև, քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղի ունեցած ծեծկռտուքը, բռնություն գործադրելու վերաբերյալ հրապարակայնորեն կոչեր է հնչեցրել՝ արդարացնելով նման բռնության հրապարակայնորեն գործադրումը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Ախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) 1-ին մասով, և որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել