Թուրքիայի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել և Պաղեստին |azatutyun.am|
16:01 - 25 մայիսի, 2022

Թուրքիայի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել և Պաղեստին |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները հույս ունեն ընդլայնել երկու երկրների միջև տնտեսական կապերը՝ փորձելով վերջ տալ երկարատև լարվածությանը Անկարայի և Թել Ավիվի հարաբերություններում։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նախօրեին երկօրյա այցով ժամանել է Պաղեստին, ապա Իսրայել՝ դառնալով վերջին 15 տարվա ընթացքում առաջին թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որը հյուրընկալվում է Իսրայելում։

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Իսրայելը միակարծիք են՝ անհրաժեշտ է երկխոսության տարբեր մեխանիզմներ մշակել ու զարկ տալ երկկողմ կապերին։

«Մեր նպատակը երկու երկրների միջև տնտեսական և քաղաքացիական համագործակցության ձևավորումն ու ընդլայնումն է», - իր հերթին, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը՝ հույս հայտնելով, որ դրական օրակարգը թույլ կտա երկու երկրներին քննարկել տարաձայնությունները կառուցողական ճանապարհով։

Թեև Թուրքիան և Իսրայելը մի շարք ընդհանուր տնտեսական և տարածաշրջանային զարգացման շահեր ունեն, երկու երկրների հարաբերությունները վերջին տասնամյակում պարբերաբար խորը ճգնաժամի են առերեսվում։ Հիմնական պատճառը Թուրքիայի հանրային աջակցությունն է պաղեստինցիներին։ 2010 թվականին Անկարան հետ կանչեց իր դեսպանին Իսրայելում և վեց տարվա դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո երկրում նոր դեսպան նշանակեց 2016-ին։ Երկու տարի անց դեսպանը կրկին հետ կանչվեց, և միայն նախորդ տարվա դեկտեմբերին Անկարան նոր դեսպան ուղարկեց Թել Ավիվ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել