Հայաստան-Թուրքիա երկխոսության բանակցություններում այս պահին որևէ էական, շոշափելի արդյունք չկա․ Միրզոյան |hetq.am|
20:51 - 25 մայիսի, 2022

Հայաստան-Թուրքիա երկխոսության բանակցություններում այս պահին որևէ էական, շոշափելի արդյունք չկա․ Միրզոյան |hetq.am|

hetq.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ և թուրք բանագնացների որևէ հանդիպումը կարող է Երևանում կամ Անկարայում լինել, չնայած դրան՝ հանդիպման վայրին կարևորություն չի տալիս: Այս մասին ԱԳ նախարարը ասաց խորհրդարանում`արձագանքելով պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, թե որքանով է հավանական, որ բանագնացների հանդիպում լինի Երևանում կամ Անկարայում:

«Ես այդքան մեծ կարևորություն չեմ տալիս հանդիպման վայրին: Ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի, երբ գործընթացն արդեն շոշափելի հաջողություններ գրանցի, էդպիսի հանդիպումներ լինեն Երևանում ու Անկարայում: Այս պահին կարող եմ ասել, որ ցավալիորեն որքան էլ վերբալ և հանրային խոսքի մակարդակներում ասվում է, թե գործընթացն առանց նախապայմանների է, այնուամենայնիվ մեր թուրք գործընկերները որոշակիորեն սինխրոնացնում են այս գործընթացն Ադրբեջանի հետ մեր ունեցած գործընթացի հետ, նարատիվի մաս են դարձնում»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարի խոսքով` Հայաստան-Թուրքիա երկխոսության բանակցություններում այս պահին որևէ էական, շոշափելի արդյունք չկա, Միրզոյանը հույս հայտնեց, որ առաջիկայում կողմերը կկարողանան այդպիսի արդյունքներ ունենալ:

«Կարող եմ մեր կողմից վերահաստատել, որ մենք հաստատակամ ենք ու անկեղծ մեր հրապարակային հայտնած դիրքորոշման մեջ: Մենք հետաքրքրված ենք սահմանի բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ: Կուզենանք նույնը տեսնել նաև թուրքական կողմից, բայց Թուրքիայի արտգործնախարարի ժեստերը և այլն, չեն նպաստում էդ գործընթացին»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին Ուրուգվայ կատարած այցի ժամանակ թուրքական «Գորշ քայլեր» ազգայնամոլական կազմակերպության ժեստն է ցույց տվել այնտեղ ակցիա իրականացնող հայ համայնքի ներկայացուցիչներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել