Թուրքիան բանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ հացահատիկի արտահանման միջանցքի շուրջ․ Reuters
18:06 - 26 մայիսի, 2022

Թուրքիան բանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ հացահատիկի արտահանման միջանցքի շուրջ․ Reuters

Թուրքիան բանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Բոսֆորի նեղուցով հացահատիկն Ուկրաինայից արտահանելու համար միջանցք բացելու շուրջ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով բարձրաստիճան թուրք պաշտոնյայի խոսքերին։

Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներն արգելափակվել են փետրվարին Ռուսաստանի ներխուժումից հետո, և ավելի քան 20 մլն տոննա հացահատիկը մնացել է պահեստներում։

Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային մատակարարումների գրեթե մեկ երրորդը, իսկ Ուկրաինայից արտահանման անհնարինությունը նպաստում է համաշխարհային պարենային ճգնաժամի առաջացմանը։

«Թուրքիան բանակցում է և Ռուսաստանի, և Ուկրաինայի հետ՝ հացահատիկի արտահանման հարցով», - ասել է պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, քանի որ բանակցությունները գաղտնի են։

Նա նշել է նաև, որ բանակցությունները շարունակվում են։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմից չեն պատասխանել մեկնաբանություն տալու հարցմանը։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն երեկ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է պարեն տեղափոխող նավերի համար միջանցք բացել՝ արևմտյան որոշ պատժամիջոցների չեղարկման պայմանով։

Թուրքիան Սև ծովով սահմանակից է Ուկրաինային և Ռուսաստանին և լավ հարաբերություններ ունի այս երկու երկրների հետ, թեև դատապարտել է ռուսական ներխուժումը։

Այս հարցին լավատեղյակ ևս երկու անձինք են հաստատել շրջանառվող լուրերը, որ Թուրքիան օգնում է, որ հացահատիկն արտահանվի Ուկրաինայից։

«Թուրքիան պատրաստ է իր նպաստն ունենալ Օդեսայից Սև ծովով այդ արտահանման մշտադիտարկման հարցում, քանի որ Թուրքիան ավանդաբար ուժեղ դիրքեր ունի Սև ծովում և պատրաստ է օգնել», - երեկ ասել է բարձրաստիճան եվրոպացի մի դիվանագետ, որը ցանկացել է անանուն մնալ։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել