Վարդենիկ գյուղում նախատեսվում է կենսաբանական մաքրման կայան կառուցել |hetq.am|
12:26 - 27 մայիսի, 2022

Վարդենիկ գյուղում նախատեսվում է կենսաբանական մաքրման կայան կառուցել |hetq.am|

hetq.am: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում նախատեսվում է կեղտաջրերի մաքրման կայան (ԿՄԿ) կառուցել: Այն լինելու է միակ կայանը, որը կեղտաջրերի կենսաբանական մաքրում կիրականացնի: Վարդենիկի ներկայացրած «Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգի ստեղծում» ծրագրային առաջարկը հավանություն է ստացել։ Ծրագրով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ և Ծովինար գյուղերում կառուցել շուրջ 25 կմ կոյուղագիծ, իսկ Վարդենիս գետի վրա՝ կենսաբանական մաքրման կայան:

Կայանը կկառուցվի «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում, որի բաղադրիչներից մեկը Սևանա լիճ հոսող կեղտաջրերի մաքրման կարողություններ ստեղծելն է։ Սևանի ավազանում գտնվող բնակավայրերից ԿՄԿ-ներ ունեն Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքները, դրանք կեղտաջրի մեխանիկական մաքրում են կատարում: Նշենք, որ Սևանա լիճը քաղցրահամ ջրի պաշարներով ամենամեծն է Կովկասում և քաղցրահամ ջրի, ոռոգման ջրի, ջրային մշակաբույսերի, ինչպես նաև Հայաստանում հիդրոէներգիայի ամենակարևոր աղբյուրը։ Սևանա լիճը վերջին տարիներին մշտական ճահճացման վտանգի տակ է, որի պատճառը մասնագետները համարում են նաև կենցաղային, տնտեսական կեղտաջրերով լիճն աղտոտելը:

Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը Հայաստանում իրականացնում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)։ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5,7 մլն եվրո։ Սևանի շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված այս ծրագրը մեկնարկել է 2020թ.-ի սեպտեմբերին և կավարտվի 2024թ.-ի օգոստոսին։

Վարդենիկ և Ծովինար գյուղերը խոշորացվելուց հետո ընդգրկվել են Մարտունի համայնքում: Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը մինչև Մարտունի համայնքի խոշորացվելը Վարդենիկ համայնքի ղեկավարն էր և ասում է, որ մի քանի տարի առաջ էր աշխատանքներ տանում մաքրման կայան կառուցելու համար (ԿՄԿ): Հովհաննես Հովեյանի ասելով՝ երկու գյուղերի կոյուղաջրերը ներկայում մեխանիկական մաքրման են ենթարկվում փոսային տարբերակով, որից հետո լցվում են Վարդենիս գետը ու միախառնվում Սևանա լճին:

Ծրագրային առաջարկն իրականացնելու համար դիմել էր միջազգային կազմակերպություններին ու տարբեր կառույցների: «Վերջերս մեր ներկայացրած հայտով հետաքրքրվեց «Ջինջ» ՍՊԸ-ն և մեր համագործակցությունը հաջողվեց: Ընկերության հետ միասին այս տարվա ապրիլին հանրային լսումներ ենք անցկացրել Վարդենիկ և Ծովինար գյուղերում»,- հայտնեց Հ. Հովեյանը:

«Ջինջ» ՍՊԸ-ն ինժեներախորհրդատվական ընկերություն է և ծառայություններ է իրականացնում կեղտաջրերի հեռացման և մաքրման ոլորտում: «Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն, տ.գ.թ. Էդուարդ Մեսրոպյանը «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի հետ համագործակցող խորհրդատու է և խոստացել է միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներով ապահովել Վարդենիկի ԿՄԿ-ի կառուցման համար պահանջվող գումարի 80%-ը:

 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել