Ցույցեր Իրանում՝ Աբադան քաղաքում շենքի փլուզումից հետո․ The Guardian
09:49 - 31 մայիսի, 2022

Ցույցեր Իրանում՝ Աբադան քաղաքում շենքի փլուզումից հետո․ The Guardian

Իրանի Աբադան քաղաքում մայիսի 23-ին 10-հարկանի շենքի փլուզման հետևանքով, վերջին տվյալներով,  31 մարդ է զոհվել։ Այս դեպքը բողոքի ցույցերի պատճառ է դարձել։ Guardian-ը գրում է այն մասին, թե ինչի դեմ են բողոքում մարդիկ։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Իրանի հարավ-արևմուտքում շենքի փլուզումից հետո, որը 31 մարդու մահվան պատճառ է դարձել, զայրացած ցուցարարները թույլ չեն տվել խոսել երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղարկած բանագնաց Մոհսեն Հեյդարիին։ Դատելով համացանցում տարածված տեսագրություններից՝ ոստիկանությունը ցույցը ցրել է՝ կիրառելով մահակներ և արցունքաբեր գազ։

Իրանի Իսլամական Հանրապետությունում լարվածությունն աճում  է սննդամթերքի գների աճի և տնտեսական մյուս խնդիրների, ինչպես նաև գերտերությունների հետ միջուկային գործարքի չկայացման ֆոնին։

Թեև ցույցերը դեռևս, կարծես, առաջնորդներ չունեն, սակայն անկարգությունների ուժեղացման վտանգ կա։ Թեհրանի և Արևմուտքի միջև լարվածությունն արդեն աճել է այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մայիսի 27-ին առգրավել է նավթով բեռնած հունական  երկու նավ։

Այաթոլա Մոհսեն Հեյդարի Ալեքասիրն Աբադանում փորձել է դիմել փլուզված «Մետրոպոլ» 10-հարկանի շենքի մոտ հավաքված և զոհերի մահը սգացող անձանց, սակայն նրանք սկսել են բղավել և թույլ չեն տվել Հեյդարիին ավարտել խոսքը։

Թիկնապահներով շրջապատված 60-ամյա հոգևորականը փորձել է շարունակել ելույթը, բայց չի կարողացել։

Նա կրկին դիմել է մարդկանց․ «Թանկագիններ, խնդրում եմ՝ հանդարտվեք որպես հարգանքի նշան դեպի Աբադանը, նրա նահատակները և զոհերը, որոնց մահն այսօր սգում է Իրանի ամբողջ ժողովուրդը»։

«Անամոթներ»,- ի պատասխան՝ վանկարկել է ամբոխը։ Պետական հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։

Իրանական Hamshahri և Fars պարբերականները հայտնել են, որ ցուցարարները վազել են դեպի հարթակը, որտեղ պետական հեռուստատեսությունը տեղադրել էր իր տեսախցիկը, և ընդհատել հեռարձակումը։

Ոստիկանությունն ամբոխին հրահանգել է Իսլամական Հանրապետության դեմ կարգախոսներ չվանկարկել և լքել տարածքը, քանի որ ցույցն արտոնված չէ։ Ավելի ուշ տեսագրություններից հայտնի է դարձել, որ ոստիկանները մահակներով ծեծել են ցուցարարներին, արցունքաբեր գազ կիրառել։

Մայիսի 23-ին Աբադանում շենքի փլուզումից հետո երկրի իշխանությունը հաստատել է, որ շենքի սեփականատերն ու կոռուպմացված պետական պաշտոնյաները թույլատրել են շարունակել շենքի շինարարությունը՝ չնայած կատարված աշխատանքների անորակության վերաբերյալ մտահոգություններին։ Այս ողբերգական դեպքի հետաքննության շրջանակում կալանավորվել է 13 մարդ, այդ թվում Աբադանի քաղաքապետը։

Իրանի պետական IRNA լրատվական գործակալության տվյալներով փրկարարներն այսօր ևս երկու մարմին են դուրս բերել փլատակներից, այդպիսով՝ զոհերի թիվը հասել է 31-ի։ Իշխանությունը մտավախություն ունի, որ փլատակների տակ ավելի շատ մարդ կարող է մնացած լինել։

Փլուզման այս դեպքը հարցեր է բարձրացրել երկրում նույնպիսի շենքերի անվտանգության մասին և ընդգծել է իրանական շիննախագծերի ոլորտում առկա ճգնաժամը։ Դեպքը շատերին հիշեցրել է 2017 թ.-ին Թեհրանի «Պլասկո» առևտրի կենտրոնի հրդեհն ու փլուզումը, որը 26 մարդու կյանք է խլել։

Թեհրանի արտակարգ իրավիճակկների վարչությունը զգուշացրել է, որ մայրաքաղաքում 129 բարձրահարկեր վթարային են։ Երկրի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին խոստացել է անհապաղ լուծել խնդիրը։

Աբադանում նախկինում ողբերգական այլ դեպքեր էլ են տեղի ունեցել։ 1978 թ.-ին «Ռեքս» կինոթատրոնի դիտավորյալ հրդեհման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Այս դեպքն անկարգություններ է սադրել Իրանի՝ նավթով հարուստ շրջաններում և նպաստել է իսլամական հեղափոխությանը, որի արդյունքում գահընկեց է արվել Մոհամմադ Ռեզա Փահլավի շահը»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել