Ընդդիմադիրները Կառավարության՝ Վազգեն Սարգսյան փողոցի մասնաշենքի մոտ պահանջում էին հանդիպում նախարարների հետ |armenpress.am|
12:58 - 31 մայիսի, 2022

Ընդդիմադիրները Կառավարության՝ Վազգեն Սարգսյան փողոցի մասնաշենքի մոտ պահանջում էին հանդիպում նախարարների հետ |armenpress.am|

armenpress.am: «Դիմադրության» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել էին Վազգեն Սարգսյան փողոցում տեղակայված կառավարության մասնաշենքի մոտ: Շենքի մոտ ոստիկանությունը վահաններով պատ էին կազմել:

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ՝ առաջին հերթին կոչ անելով ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չմտնել:

«Մենք այստեղ ենք մեկ նպատակով, որպեսզի մեր պատգամավորները հանդիպեն նախարարների հետ, հասկանան նրանց դիրքորոշումը մեր հրապարակած սկզբունքների վերաբերյալ: Մոտենում ենք առաջ, բայց շենք չենք շրջափակում: Այս պահին մենք այլ նպատակ ունենք: Հիմա կոչ եմ անում, որ մեր պատգամավորները լինեն առաջին շարքում, իսկ ոստիկաններն ապահովեն պատգամավորների մուտքը շենք, որպեսզի նրանք հանդիպեն նախարարների հետ»,- մանրամասնեց Սաղաթելյանը:

ՀՀ կառավարության՝ Վազգեն Սարգսյան փողոցի մասնաշենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, արդարադատության նախարարությունները:

Ոստիկանները ժամանակ խնդրեցին, որպեսզի պարզեն՝ կարո՞ղ են թույլատրել պատգամավորների մուտքը շենք: Որոշ ժամանակ անց Իշխան Սաղաթելյանը, դիմելով հավաքվածներին, հայտնեց, որ նախարարները խուսափում են իրենց հետ հանդիպելուց: Նա հավելեց, որ առաջիկա երեք օրերին շարունակելու են այն ընթացքը, որ սկսել են: «Իսկ այս պահին մենք այստեղ այլևս անելիք չունենք: Առաջարկում ենք երթով շարժվել այլ ուղղությամբ»,- ասաց Սաղաթելյանը:

Ընդդիմադիրներն այս պահին երթ են անցկացնում մայրաքաղաքի փողոցներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել