Լավրովը հնարավոր է համարել հացահատիկով բեռնված նավերի ելքն ուկրաինական նավահանգիստներից
15:31 - 31 մայիսի, 2022

Լավրովը հնարավոր է համարել հացահատիկով բեռնված նավերի ելքն ուկրաինական նավահանգիստներից

Ռուսաստանցի զինվորականները կապահովեն ուկրաինական ցորենով բեռնված նավերի ելքը նավահանգիստներից, եթե Կիևը զբաղվի իր տարածքային ջրերի ականազերծմամբ։ Այս մասին, ինչպես հայտնում է «Կոմերսանտը», ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա այս թեման քննարկել է Մանամայում՝ Բահրեյնի արտգործնախարարի հետ բանակացությունների ժամանակ։

Լավրովի պնդմամբ՝ Մոսկվան արդեն մեկ ամսից ավելի է՝ միջոցներ է ձեռնարկում, որոնք պետք է երաշխավորեն հացահատիկի դուրսբերումն ուկրաինական նավահանգիստներից։ Թե ինչ միջոցների մասին է խոսքը, նախարարը չի հստակեցրել։ Սերգեյ Լավրովն ասել է, որ հացահատիկի արտահանման համար անհրաժեշտ է, որ ականազերծվեն Ուկրաինայի տարածքային առափնյա ջրերը։

«Եթե ականազերծման այս խնդիրը լուծվի, իսկ մենք արդեն երկար շաբաթներ մեր արևմտյան գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցին, ապա բաց ծովում Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերը կապահովեն այդ նավերի անխափան ելքը դեպի Միջերկրական ծով, այնուհետև՝ դեպի ուղևորման կետ», - վստահեցրել է նախարարը։

Ուկրաինական նավահանգիստներն արգելափակված են ռուսական ռազմանավերով, ինչպես նաև՝ տարածքային ջրերն ականապատված են Ուկրաինայի կողմից։ Գերմանիան հայտնել է, որ ուկրաինական նավահանգիստներում արգելափակված է 25 մլն տոննա հացահատիկ, ՄԱԿ-ի տվյալներով՝ 14 մլն տոննա։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել