Գնաճը եվրոգոտում նոր ռեկորդ է սահմանել․ ինչո՞վ է դա պայմանավորված․ Reuters
17:45 - 01 հունիսի, 2022

Գնաճը եվրոգոտում նոր ռեկորդ է սահմանել․ ինչո՞վ է դա պայմանավորված․ Reuters

Գնաճը եվրոգոտում նոր ռեկորդ է սահմանել մայիսին։ Եվրոգոտու 19 երկրներում գնաճը ապրիլին 7,4% տոկոս է եղել, իսկ մայիսին հասել է 8,1%-ի՝ գերազանցելով 7,7% կանխատեսումները, գրում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Սա նշանակում է, որ դա արդեն կապված չէ պարզապես էներգակիրների գների աճի հետ։

«Գնաճի խնդիրը եվրոգոտում վատթարանում է։ Գների մասին այսօրվա տվյալները կրկին ավելացնում են Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) վրա ճնշումը, որպեսզի այն դադարեցնի իր չափազանց մեղմ դրամավարկային քաղաքականությունը», - ասում է «Կոմերցբանկի» տնտեսագետ Քրիստոֆ Վայլը:

Եվրոգոտու երկրների պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է, քանի որ այս տվյալներն ուժեղացրել են այն ակնկալիքները, որ Եվրոպական կենտրոնական բանկը կարող է արագացնել իր քաղաքականության խստացումը։

Վերջին մեկ տարում գների կտրուկ աճ է գրանցվել ողջ Եվրոպայի տարածքում, սկզբից՝ համավարակից հետո մատակարարման շղթաների հետ կապված խնդիրների, հետո արդեն՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով։ Գների արագ աճի այս ժամանակաշրջանն, ըստ էության, փոխարինելու է գալիս գնաճի գերցածր ցուցանիշները, որոնք գրանցվում էին նախորդ տասնամյակում։

Թեև գնաճն այս պահին քառակի գերազանցում է ԵԿԲ համար ցանկալի 2%-ը, բանկը պետք է ավելի շատ մտահոգվի բազային գների արագ աճով, քանի որ դա ցույց է տալիս, որ այն, ինչ կարճատև աճ էր թվում, այժմ սկսում է կայուն բնույթ կրել։

Հույս ունենալով զսպել արժեզրկումը, ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդն ու գլխավոր տնտեսագետ Ֆիլիպ Լեյնն արդեն նախանշել են 25 բազիսային կետով ավանդային տոկոսադրույքի բարձրացումը․ այժմ այն կազմում է մինուս 0.5%։

Սակայն որոշ տնտեսագետներ կասկածում են, որ դա բավարար կլինի, հատկապես, որ բազային արժեզրկումը նվազման միտումներ չի գրանցում:

Բանն այն է, որ, հենց էներգակիրների բարձր գները սկսում են անդրադառնալ տնտեսության վրա, արժեզրկումը սկսում է կայուն բնույթ կրել՝ ի վերջո ամրապնդվելով «գին-աշխատավարձ» պարույրի միջոցով։

Ահա թե ինչու են Ավստրիայի, Նիդերլանդների և Լատվիայի կենտրոնական բանկերն ասում, որ հուլիսին 50 բազիսաին կետով տոկոսադրույքի բարձրացումը պետք է բանակցությունների սեղանին լինի։

ԵԿԲ հաջորդ նիստը կայանալու է հունիսի 9-ին»:


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել