«Ախտորոշումը իմանալուց հետո սկսեցի փորփրել, կարդալ ու հասկացա, որ քաղցկեղը դատավճիռ չէ». այսօր աշխարհը նշում է քաղցկեղը վերապրածների օրը
13:50 - 05 հունիսի, 2022

«Ախտորոշումը իմանալուց հետո սկսեցի փորփրել, կարդալ ու հասկացա, որ քաղցկեղը դատավճիռ չէ». այսօր աշխարհը նշում է քաղցկեղը վերապրածների օրը

Ամեն տարի հունիսի առաջին կիրակին, այս տարի հունիսի 5-ին, աշխարհում նշվում է որպես քաղցկեղը վերապրածների օր: Թեմայի շրջանակում խոսել ենք Աստղիկ Զաքարյանի հետ, ով հաջողությամբ հաղթահարել է մի քանի տարի առաջ ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կանանց առողջության կլինիկայում պարբերաբար ստուգումներ անցնող Աստղիկը խոսել է հիվանդության և դրա դեմ պայքարի` իր հաջողության պատմության մասին:

-Ախտորոշումն իմանալուց հետո որքա՞ն տևեց շոկն, ու ո՞րն էր առաջին որոշումը:

-Անկեղծ ասած՝ ինձ թվում է՝ ես դեռ շոկի մեջ եմ. նոր եմ սկսում հասկանալ՝ իրականում ինչի միջով եմ անցել:

Նախ նշեմ, որ իմանալուց հետո շոկը միանգամից չէր: Մեր՝ հայերիս մեջ, սովորություն կա, որ ինչ-որ ախտորոշում իմանալուց հետո չենք հավատում, մտածում ենք՝ սուտ է, չի կարող մեզ հետ լինել նման բան, ու դրա համար իմ դեպքում էլ, երբ սկզբում կասկածեցին, մտածում էի՝ դե մի բան սխալ է, սպասում էի վերջնական հաստատմանը:

Ինձ մոտ հայտնաբերվեց ուռուցքի զարգացող տեսակը, նրա տարածվելու հավանականությունը բարձր էր: Դա նշանակում էր, որ պետք էր ամեն ինչ շատ արագ անել, անցնել բուժման, ուստի  ինձ մոտ ախտորոշումն իմանալուց հետո շոկային շրջան չի հասցրել լինել:

-Ինչի՞ կամ ո՞ւմ մասին եք առաջինը մտածել ախտորոշումն իմանալուց հետո:

-Ես ունեմ 2 երեխա: Բոլորը կարծում էին, թե այդ դժվարին ճանապարհն անցնելու համար ինձ փրկել է նրանց լինելու միտքը: Բայց, պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ, իմ ուշադրության կենտրոնում իմ ծնողներն էին: Ինքս, լինելով ծնող, շատ լավ հասկանում էի, թե ինչի միջով են անցնում նրանք: Գիտեի, թե որքան սարսափելի է սեփական երեխային վտանգի առջև կանգնած տեսնելը: Միտքը, թե ինչ են զգում իմ ծնողները, ավելի մեծ շոկ էր, քան իմ հիվանդությունը: Ուստի հիվանդության դեմ պայքարելու հենց ամենասկզբում ես ամեն ինչ արել եմ, որ իրենք չմտածեն, որ ես անհույս եմ, իրենք չմտածեն, որ ամեն ինչ վատ է: Ու դա նաև ինձ շատ օգնեց:

-Եղե՞լ են հիասթափության պահեր, եղե՞լ է միտք՝ հանձնվելու, չպայքարելու:

-Նման պահեր չեն եղել, ասեմ՝ ինչու:

Շատ կարևոր էր, որ հիվադությունը հայտնաբերվեց սկզբնական փուլում: Ախտորոշումը իմանալուց հետո սկսեցի փորփրել, կարդալ, ծանոթանալ ու հասկանացա, որ նախ՝ քաղցկեղը դատավճիռ չէ, և հետո Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի բուժումը բավականին մեծ առաջընթաց ունի: Այն կարողանում են բուժել մեր երկրում, հատկապես, երբ հայտնաբերվել է սկզբնական փուլում: Դա ինձ բավականին հույս տվեց, և հասկացա, որ պետք է պայքարել և չհանձնվել:

-Մի քիչ կպատմե՞ք բուժման ընթացքի մասին՝ զգացողությունների մակարդակով:

-Բոլորը, ովքեր ինձ ճանաչում են, ովքեր տեսել են բուժմանս ընթացքը, փաստում են, որ ես շատ -շատ ուժեղ եմ եղել, շատ թեթև եմ տարել դա:

Իրականում իրոք այդպես է եղել: Բնավորությամբ եմ ադպիսին, հասկանում էի, որ ավելորդ մտքերը ինձ միայն խանգարելու են:

Սկզբից բավականին հեշտ է եղել: Գնում էի քիմիաթերապիաների, ապա գալիս աշխատանքի:

Ինձ օգնեց նաև այն, որ այդ շրջանում լույս տեսավ իմ հեղինակած «Խաղալիքը» գիրքը: Դա օգնեց շեղվել:

Վերջում, երբ ավելի ծանր դեղորայք էի ստանում, երբ եղավ մազաթափությունը (գլխի մազեր, հոնքեր, ամբողջը թափվել էին), ես արտաքնապես շատ փոխվեցի, ֆիզիկապես ծանր շրջան եղավ, անգամ այդ ժամանակ չէի հուսահատվում, հասկանում էի, որ այդ ամենը ժամանակավոր բնույթ է կրում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ախտորոշման մասին նոր իմացող մարդկանց կամ այն մարդկանց, ովքեր պայքարում են այդ հիվանդության դեմ:

-Խորհուրդ կտայի հասկանալ, որ այդ ամենը ժամանակավոր է: Ֆիզիկապես թուլանալը, մազաթափությունը, սրտխառնոցը, բոլոր դժվար պրոցեսները մի շրջան են, ժամանակավոր:  Դա պետք է հասկանալ ամենասկզբում և մտապահել բուժման ողջ ընթացքում:

-Ձեր կոչը այն կանանց և աղջիկներին, ովքեր հետևողական չեն իրենց առողջության հանդեպ, չեն ստուգվում, չեն անցնում հետազոտություններ գոնե տարին մեկ անգամ:

-Ես իմ փորձով հասկացա, որ ամեն պահի կարող է պատահել ինչ-որ մի բան, որին երբեք չէիր սպասում: Ես ունեմ մեծ ընտանիք, մեծ գերդաստան, բայց ոչ մեկի մոտ չի եղել կրծքագեղձի  քաղցկեղի դեպք: Այսինքն՝ ես չէի սպասում նման հիվանդության առկայություն իմ մոտ: Հայրիկս տարիներ առաջ իմ պատմության նման մի պատմություն էր լսել, ազդվել, այդ իսկ պատճառով մայրիկիս, ինձ, քույրերիս ստիպում էր տարին մեկ անգամ գնալ ու ստուգվել: Միայն այդ դեպքի պատճառով էինք գնում ստուգումների, և միայն այդ դեպքի շնորհիվ իմ հիվանդությունը բացահայտվեց վաղ շրջանում: Ինձ դա փրկեց:  Վաղ հայտնաբերելու շնորհիվ բուժվելու իմ շանսերը մեծացան:

Բացի նրանից, որ սկզբնական փուլում շատ ավելի թեթև և արագ է լինում բուժումը, ֆինանսական տեսանկյունից ծախսն է շատ ավելի քիչ լինում: Մինչ ախտորոշումը՝ քաղցկեղի մասին լսել էի շրջապատիս և հատկապես այն հայտարարություններից, որոնց միջոցով հիվանդության դեմ պայքարող մարդիկ գումար են հավաքում բուժման համար: Ինձ մոտ տպավորություն էր, որ այդ հիվանդությունը բուժելու համար պետք է ունենալ հազարավոր դոլար-եվրոներ: Այո, պետք է, եթե հիվանդությունը հայտնաբերվում է ուշ, բարդ շրջանում (դեղորայքն է ուրիշ՝ ավելի թանկ, բուժման ծավալները, ժամանակը և այլն): Այդ իսկ պատճառով պետք է հասկանալ՝ պարբերաբար ստուգումները պետք է լինեն պարտադիր, դա ձեռնտու է ինչպես արդյունավետ բուժման տեսանկյունից, այնպես էլ ֆինանսապես: Ես ստացա քիմիայի 18 կուրս, բայց կարող էր լինել շատ ավելին, եթե ուշ շրջանում հայտնաբերվեր հիվանդությունը:

Շատերն ասում են՝ խնդիր չունեմ, ինչու ստուգվեմ: Իրականում՝ քաղցկեղը սկբնական շրջանում անցավ է: Այն մեծանում է, նոր դուք դա զգում եք, նոր գնում ստուգվելու: Եթե այն իրեն զգացնել է տալիս, նշանակում է, որ արդեն ուշ շրջան է: Եթե դուք սպասեք մի բան զգալուն, հնարավոր է՝ ուշացնեք:

Տարեկան ստուգումը ձեզնից ընդամենը 10 րոպե է պահանջում: Տարվա մեջ սեփական օրգանիզմին տրամադրած այդ 10 րոպեն հնարավոր է փրկի ձեր կյանքը:

Մեր երկրում շատերն իրենց հիվանդությունը թաքցնում են, այդ իսկ պատճառով մարդը, ում մոտ նոր է հայտնաբերվում քաղցկեղը, մտածում է, որ ինքը մենակ է, չկա իր նմանը: Սեփական փորձով համոզվեցի՝ մեր երկրում, ցավոք սրտի, ուռուցք ունեն շատ շատերը: Այս չարաբաստիկ հիվանդության դեմ պայքարում են հազարավորները, և դու, ում մոտ նոր է ախտորոշվել հիվանդությունը, վստահ եղիր՝ միայնակ չես: Շատերն են հաղթում այդ հիվանդությունը: Պետք է հավատալ, պայքարել և լինել ուժեղ:

 

Մարիամ Տերբալյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել