2021-ին Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875.4 միլիոն դրամ. քննարկում ԱԺ-ում
17:45 - 06 հունիսի, 2022

2021-ին Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875.4 միլիոն դրամ. քննարկում ԱԺ-ում

2021 թ. Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875,4 մլն դրամ, որոնք տարվա ընթացքում ստացված պաշտոնական դրամաշնորհների կազմում 39,4 տոկոս են կազմել: 

Ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների հանրագումարը կազմել է 12 մլրդ 380 մլն դրամ: Այս մասին տեղեկացրել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 6-ի Եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանը և Գևորգ Պապոյանը:

«Պետական բյուջեի պակասուրդը հաշվետու տարում կազմել է 320 մլրդ դրամին համարժեք գումար, որից  88 մլրդ 227 մլն դրամ արժեքով կազմել են այն վարկերը և փոխառությունները, որոնք ամրացված են եղել պետական բյուջեով սահմանված ծախսային ուղղություններին, այսինքն՝ նպատակային վարկերը: Այս նպատակային վարկերի թվում, որը 88 մլրդ 227 մլն դրամ է կազմում, 19 մլրդ 403 մլն դրամը կամ ընդհանուր այդպիսի վարկերի և փոխառությունների 22 տոկոսը ստացվել է Եվրամիությունից»,- պարզաբանել է նախարարը՝ անդրադառնալով ծախսային ուղղություններում դրանց նշանակությանը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է նախարարության իրականացրած աշխատանքներին և ծրագրերին:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է ԵՄ-ի կողմից խոստացված 2,6 մլրդ եվրո աջակցութամբ իրականացվելիք ծրագրերով:  Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ  մարտին եղել է Բրյուսելում՝ այդ հարցով խորհրդակցություններ իրականացնելու նպատակով: 

«Հավաստիացումներ հնչեցին բոլոր գործընկերների կողմից,  որ հապաղում տեղի չի ունենա՝ կապված ընդհանուր ճգնաժամի հետ: Ավելին, ապրիլի վերջին  Երևանում  տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան գործընկերության կոմիտեի նիստ, որտեղ մանրամասն քննարկեցինք ծրագրերի ընթացքը: Նույնն արվեց արտգործնախարարի կողմից՝ Գործընկերության խորհրդի ընթացքում՝ մայիսի 18-ին:

Այժմ ծրագրերն ընթանում են իրենց հունով, և հապաղման  որևէ ռիսկ, կարծես թե,  չկա»,- հայտնել է փոխնախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ի հետ շարունակվում են վիզաների դյուրինացման հետ կապված քննարկումները: «Եվրամիության հետ մենք այդ հարցը մշտապես պահում ենք մեր օրակարգում»,- նշել է Պարույր Հովհաննիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել