Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը

 |armenpress.am|
20:13 - 09 հունիսի, 2022

Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանն ու կայունացմանը:

«Այս համատեքստում, մեր ընդհանուր կարծիքով, անհրաժեշտ է ապահովել հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք հարևանների մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային հարթակի ռիթմիկ աշխատանքը: Սա կարևոր հավելյալ խողովակ է տարածաշրջանային երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության ձևավորման և բազմակողմ համագործակցության զարգացման համար», - հավելեց Ռուսաստանի արտգործնախարարը:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր հերթին ողջունեց Թուրքիայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ իրենք պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես նաև բացել հայ-թուրքական սահմանը, բայց նաև հավելեց, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խնդիրների միջև կապ գտնելու Թուրքիայի ղեկավարության փորձերը կառուցողական չեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել