ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը 2021 թ-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները պետական հեղաշրջման փորձ է որակել
16:10 - 10 հունիսի, 2022

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը 2021 թ-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները պետական հեղաշրջման փորձ է որակել

ԱՄՆ Կոնգրեսի՝ Կապիտոլիում ներխուժումը հետաքննող  հանձնաժողովը Վաշինգտոնում 2021 թ-ի հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների համար գլխավոր պատասխանատու է ճանաչել այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է DW-ն։ «Հունվարի 6-ը պետական հեղաշրջման, կառավարությունը տապալելու հանդուգն փորձի գագաթնակետն էր։ Բռնությունը պատահական չէր։ Դա Թրամփի վերջին փորձն էր», - հայտարարել է հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Բեննի Թոմփսոնը հունիսի 9-ի երեկոյան հանրային լսումների առաջին փուլի բացման ժամանակ։

Քննչական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական Լիզ Չեյնին արձանագրել է․ «Նախագահ Թրամփն ամբոխին կանչել է, հավաքել և վառել  «հարձակման կրակը»»։ Կապիտոլիումի գրոհից հետո ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ուսումնասիրել է ավելի քան 140 հազար փաստաթուղթ և զրուցել ավելի քան հազար ականատեսների հետ՝ պարզելու համար Թրամփի դերն այն ժամանակվա իրադարձություններում։ Չեյնիի խոսքով՝ քննչական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ այն ժամանակվա նախագահն ընտրություններում խարդախության անարդար մեղադրանք է հնչեցրել, խրախուսել հուզումները՝ միջամտելու փոխարեն, և կոռուպցիայի է դիմել՝ նախագահի պաշտոնում մնալու համար։

 

Ենթադրյալ խարդախությունն ընտրություններում

Պլանավորված վեց նիստերից մեկի շրջանակում, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում, հանձնաժողովի տեսադաշտում էին Թրամփի կարևորագույն խորհրդականներն ու ընտանիքի անդամները։ Լսումներին հրավիրվել էր նաև երկու ականատես՝ ոստիկան Քերոլայն Էդվարդզը, որն անկարգությունների հետևանքով գանգուղեղային վնասվածք է ստացել և օպերատոր Նիկ Քուեսթեդը, որը տեսանկարահանել է Proud Boys խմբավորման աջ ծայրահեղականներին։ Կոնգրեսականները ցուցադրել են տեսագրություններն ու Թրամփի դուստր Իվանկայի և նրա ամուսին Ջարեդ Քուշների, ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսի և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի ցուցմունքները։

Թրամփի շտաբի անդամներն, այդ թվում՝ նրա դուստր Իվանկան, քննչական հանձնաժողովի տվյալներով, հերքել են ընտրություններում ենթադրյալ զեղծարարության մասին նախկին նախագահի կեղծ պնդումները։ Ավելի վաղ նույն բանն էին արել նաև մի շարք դատարաններ, պաշտոնյաներ և Թրամփի վարչակազմի անդամներ։

Միաժամանակ Դոնալդ Թրամփը մինչ օրս չի հրաժարվել այն պնդումներից, թե 2020 թ-ի նախագահական ընտրություններում իր պարտությունը մասշտաբային խարդախության հետևանք էր։ Լսումների առաջին փուլի նախաշեմին նա կտրուկ քննադատել է քննչական հանձնաժողովի գործունեությունը։ Թրամփը չի բացառում, որ կրկին իր թեկնածությունն առաջադրելու է 2024 թ-ին ԱՄՆ նախագահի ընտրություններում։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել