«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում
11:21 - 14 հունիսի, 2022

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում

Ազգային ժողովը այսօր՝ հերթական քառօրյայի ընթացքում քննարկեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը ու Հռիփսիմե Գրիգորյանը։

Նախագծի հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները․ «Դիվանագիտական ծառայության համակարգում ներդրվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգ, մինչդեռ, օրինակ, բոլոր պաշտոնները, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը շարունակում է մնալ դիվանագիտական ծառայության պաշտոն։ Ընդ որում, գլխավոր քարտուղարի պաշտոնը ԱԳՆ համակարգում մշտապես տարբեր երկրներում դիտարկվում է որպես բարձրագույն դիվանագիտական պաշտոն և այստեղ փոփոխություններ չի նախատեսվում։ Բայց, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ ստորաբաժանումներ ԱԳՆ-ում անցնում են քաղաքացիական ծառայության համակարգում, առնվազն անհրաժեշտ է նախատեսել գլխավոր քարտուղարի տեղակալ, որը կունենա քաղաքացիական ծառայողի կարգավիճակ»։

Նրա խոսքով՝ մյուս փոփոխությունը վերաբերում է դիվանագիտական աստիճանների կանոնակարգմանը և որոշակի արհեստական բարիերների վերացմանը․ «Մասնավորապես, դիվանագիտական աստիճանների հարցում մենք ընտրել ենք առավել արդյունավետ կարգավորումը, որը հնարավորություն կտա  արդյունավետ, ոչ շատ արագ և ոչ շատ դանդաղ առաջ ընթանալ դիվանագիտական պաշտոնների առաջխաղացման հարցում։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է դիվանագիտական անձնագրերի տրամադրման, դիվանագիտական անձնագրերի վերադարձման, պահպանման կարգին։ Այստեղ որոշակի համահունչություն է մտցվում «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի հետ, որպեսզի չստեղծվի այնպիսի իրավիճակներ, որ դիվանագիտական անձնագրեր հայտնվեն այնպիսի մարդկանց մոտ, որոնք նույնիսկ քաղաքացիական անձնագիր ստանալու իրավունք չունեն կամ քաղաքացիական անձնագրի ժամկետը լրանում է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել