Նախագիծ․ սահմանված ժամկետում ԱՊՊԱ կնքելու դեպքում վարորդը կազատվի իրավախախտման համար տուգանքի 75 տոկոսը վճարելուց
12:48 - 14 հունիսի, 2022

Նախագիծ․ սահմանված ժամկետում ԱՊՊԱ կնքելու դեպքում վարորդը կազատվի իրավախախտման համար տուգանքի 75 տոկոսը վճարելուց

Ազգային ժողովն այսօր՝ հերթական քառօրյայի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին հարցը, որը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը և Լիլիթ Կիրակոսյանը։ 

Նախագծի հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանն ասաց՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի գործող կարգավորումներով պատասխանատվություն է նախատեսվում այն տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր․ «Եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա յուրաքանչյուր տաս օրվա համար պետք է տուգանվի 5000 դրամի չափով, բայց ոչ ավել, քան տարվա մեջ 100.000 դրամը։ Այսինքն՝ ոստիկանությունը պարտավոր է յուրաքանչյուր տաս օրը մեկ, այն տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամաբ, ովքեր չունեն ԱՊՊԱ պայմանագիր, կայացնել վարչական տույժ նշանակելու մասին որոշում՝ 5000 դրամի չափով և ուղարկել հասցեատիրոջը»։

Իսկ 100.000 դրամ տուգանք է սահմանվում այն վարորդների նկատմամբ, ովքեր վարում են տրանսպորտային միջոցը առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Պատգամավորն ընդգծեց՝ վերլուծելով կառավարության քաղաքականությունը այս ոլորտում, համարում են, որ նշանակված 100.000 դրամները խիստ անհամաչափ են արարքի վտանգավորության բնույթին և աստիճանին․ «100.000 դրամը այսօր բավականին ծանր սոցիալական բեռ է, և եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս իրավախախտմանը նպաստող հիմնական պատճառը հենց անձի ֆինանսական դրությունն է, ապա պետք է փաստենք, որ տույժը խիստ անհամաչափ է սահմանված իրավախախտման բնույթին և աստիճանին»։ 

Նախագծով պատգամավորներն առաջարկում են, որ ԱՊՊԱ չկնքած տրանսպորտային միջոցի սեփականատերերի նկատմամբ վարչական արձանագրություններով նշանակված տույժերի չափը տարեկան չգերազանցի 50.000 դրամը այսօրվա 100.000 դրամի փոխարեն։ Իսկ 100.000 դրամ տուգանք սահմանվելու դեպքում անձը ազատվում է այդ տուգանքի 75% վճարման պարտականությունից, եթե 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները․ «Այսինքն՝ եթե արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա ընթացքում ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր, ապա վճարում է սահմանված 100.000 դրամի 25%-ը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել