Գործադիրը փոփոխություն է առաջարկում Դատական օրենսգրքում
18:47 - 14 հունիսի, 2022

Գործադիրը փոփոխություն է առաջարկում Դատական օրենսգրքում

Ներպետական ատյանների վեճի սպառումից ու ներպետական դատական ակտի կայացումից մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական ակտի կայացում անցնում է տևական ժամանակ: Այս հանգամանքով է պայմանավորված ՄԻԵԴ-ի վճռի ուսումնասիրության արդյունքում կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ վճռի պայմանի նախատեսումը: Այս մասին հայտնում է ԱԺ-ն։

«Հայաստանի Կառավարությունը փոփոխություններ ու լրացում է նախատեսում Դատական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ օրինագծի նախնական տարբերակով առաջարկվում էր ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի ակտով բացահայտված խախտումը դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելության հիմք` հնարավորություն ընձեռելով այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները: Սակայն Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագիծը վերջինիս կարծիքի հիման վրա լրամշակվել է` սահմանելով այլ կառուցակարգ: Այն դեպքում, երբ դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ տված խախտումը հայտնաբերվել է ՄԻԵԴ-ի վճռի ուսումնասիրության արդյունքում, կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե ՄԻԵԴ-ի վճռի ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի: Գրիգոր Մինասյանի խոսքով` 2008 թ. մինչև 2018 թ. ընկած ժամանակահատվածում մի շարք գործեր են հարուցվել ՄԻԵԴ-ում, որոնցից մի քանիսը դեռևս քննվում են, և արձանագրվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին ի պատասխան` փոխնախարարը պարզաբանել է, որ բոլոր վարույթ հարուցող մարմիններն իրավասություն ունեն ՄԻԵԴ-ի արձանագրած` մարդու իրավունքների խախտման դեպքում վարույթ հարուցել: Դա վերաբերում է ՄԻԵԴ-ի կայացրած այն վճիռներին, որտեղ կոնկրետ կարձանագրվի, որ մարդու իրավունքների խախտումը դատավորի դիտավորության կամ կոպիտ անփութության հետևանքով է տեղի ունեցել: Այսինքն` լիազոր մարմինը պետք է ուսումնասիրի ՄԻԵԴ-ի որոշումը և արձանագրի` արդյոք ՄԻԵԴ-ն ամրագրե՞լ է, որ կոնկրետ դատական շղթայում տեղի ունեցած գործընթացում խախտվել է մարդու իրավունքը, և արդյո՞ք դա եղել է դատավորի պատճառով` միտումնավոր կամ կոպիտ անփութության հետևանքով»,-տեղեկացնում են խորհրդարանից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել