Ըստ ֆինանսների նախարարի՝ դոլարի էժանացումը կարող է կրճատել պետական պարտքը
 |hetq.am|
12:26 - 15 հունիսի, 2022

Ըստ ֆինանսների նախարարի՝ դոլարի էժանացումը կարող է կրճատել պետական պարտքը |hetq.am|

hetq.am: Եթե 2022-ի վերջին դոլարի փոխարժեքը տարեսկզբի համեմատությամբ ավելի ցածր լինի, ապա ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հավանական է համարում, որ պետական պարտքը նախատեսվածից ցածր լինի:

Այս մասին նախարարն ասաց խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ արձագանքելով պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր դրամի արժևորումից` հարցնելով, թե կա՞ն արդյոք գնահատականներ վերջին 1-2 ամիսների ընթացքում փոխարժեքի նվազումն ինչպե՞ս կազդի արտաքին պարտքի ցուցանիշի վրա:

«Եթե տարեսկզբի համեմատությամբ տարվա վերջին փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա մեր ընդհանուր պարտքի և այդ թվում կառավարության պարտքի կառուցվածքում, այդ պարտքի դրամային արժեքն ավելի փոքր կլինի ՀՆԱ-ի նկատմամբ, այդ փաստը կնպաստի, որ տարեվերջին մեր կանխատեսածից ավելի ցածր պարտքի համեմատական մեծություն ունենանք ՀՆԱ-ի նկատմամբ: Մենք նախատեսում էինք այս տարեվերջին ունենալ մոտ 60.2 տոկոս, բայց, եթե այդ շեղումը բավականաչափ մեծ լինի մեր նախատեսած սկզբնական փոխարժեքային ենթադրություններից, ապա հավանական է, որ մենք կունենանք 59 տոկոսը չգերազանցող սահմանում պարտքի ընդհանուր մեծություն»,-  ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով` դոլարի ցածր փոխարժեքը կազդի նաև տոկոսավճարների վճարման վրա:

«2021-ին 72.5 մլրդ դրամ վճարել ենք արտաքին պարտքի նկատմամբ ունեցած մեր տոկոսավճարային պարտավորությունները: Համապատասխանաբար, եթե միջին փոխարժեքի օրինակ 5 տոկոսի շեղում լինի, դա կնշանակի մոտ 3.5 մլրդ դրամի չափով խնայողություն»,- եզրափակեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել