Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու Մինսկի խմբի հետագա ճակատագրի մասին
 |hetq.am|
13:42 - 16 հունիսի, 2022

Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու Մինսկի խմբի հետագա ճակատագրի մասին |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի IX գլոբալ համաժողովի շրջանակներում հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որտեղ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Մինսկի խմբի հետագա ճակատագրին ու Հարավային Կովկասում առկա համագործակցային հնարավորություններին։ Ալիևի հայտարարությունները տարածել է APA գործակալություն։

Միսնկի խմբի մասին

Իլհամ Ալիևի խոսքով՝ ԵԱՀԿ կողմից մանդատ ստացած Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում չի հասել որևէ արդյունքի, այդ իսկ պատճառով, այն բանից հետո, երբ «Ադրբեջանը կարգավորեց ղարաբաղյան հակամարտությունը, Մինսկի խմբի կարիք այլևս չկա»։

«Մեզ արդեն տեղեկացրել են, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն այլևս չի գործելու։ Նրանց արդեն թոշակի անցնելու ժամանակն է։ Այսպիսով, ես ուզում եմ հայտնել մեր դիրքորոշումը, որ Հայաստանում Մինսկի խմբի կամ որևէ այլ երկրի հետ կապված ցանկացած սպեկուլյացիա Ադրբեջանում միայն ջղայնություն է առաջացնում։ Մենք կարգավորել ենք հակամարտությունը։ Մինսկի խմբի կողմից մշակված Մադրիդյան սկզբունքները լուծված են։ Այժմ մենք պետք է մտածենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղիների մասին, ստորագրենք խաղաղության պայմանագիր»,- հայտարարել է Ալիևը։ 

Ալիևի պնդմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո բոլորը հասկանում են, որ անհնարին է անցկացնել հանդիպում Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների մասնակցությամբ։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Ալիևի խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն Ադրբեջանի գաղափարն է և իրենք շարունակում են առաջարկել աշխատանքներ իրականացնել խաղաղության պայմանագրի շուրջ։

«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա դա մեր առաջարկն էր սկսել աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ, և մենք առաջարկեցինք։ Հայաստանը չպատասխանեց, հետո մենք ևս մեկ քայլ արեցինք և առաջ քաշեցինք միջազգային իրավունքի 5 հիմնարար սկզբունքներ՝ ներառյալ փոխադարձ հարգանքն ու երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, տարածքային որևէ պահանջ ներկայացնելուց փոխադարձ ձեռնպահ մնալը, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում։ Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է այդ 5 սկզբունքները։ Դա դրական դինամիկա է, բայց մեզ հիմա գործնական կիրառում է պետք, քանի որ բռնազավթման շրջանում քննարկումներից մենք գիտենք, որ երբեմն նույնիսկ Հայաստանի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով ասվածն իմաստ չուներ։ Մեզ պետք է, որ քայլ արվի։ Ադրբեջանն արդեն իր կողմից խաղաղության պայմանագրի հանձնաժողով է ստեղծել, և մենք ակնկալում ենք, որ նույն քայլը կկատարվի նաև Հայաստանի կողմից։ Եթե դա արվի, կամ հենց դա արվի, բանակցությունները կսկսվեն»,- ասել է Ալիևը։ 

Վերջինիս պնդմամբ՝ իրենք սպասում են Հայաստանի գործողություններին։

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավիճակի մասին, Ալիևն ասել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը նախատեսում է հավասար իրավունքներ երկրում ապրող բոլոր էթնիկ խմբերի, այդ թվում՝ հայերի համար։ 

«Սակայն, ցավոք, մենք լսում ենք Հայաստանի կառավարության հայտարարությունները, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչը բացարձակապես հակաարդյունավետ է և վտանգավոր, այդ թվում՝ հենց Հայաստանի համար: Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմությունը վերաշարադրելու փորձերը։ Պատմությունն արդեն գրված է»,- սպառնացել է Ալիևը։

Ըստ նրա՝ Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ստիպելով ադրբեջանական կողմին ևս մտածել այդ մասին։ «Եթե Հայաստանը կարգավիճակ է պահանջելու Ղարաբաղի հայերի համար, ինչու՞ չպետք է արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջենք։ Այս տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված»,- ակնարկելով Սյունիքի մարզը։

Հարավային Կովկասում համագործակցության հնարավորությունների մասին

Ադրբեջանի նախագահը նշում է, որ Ադրբեջանն «ընտրել է խաղաղությունը՝ հանուն Հարավային Կովկասի կայուն զարգացման»։

«Մենք ընտրել ենք խաղաղությունը, քանի որ ցանկանում ենք կայուն զարգացում Հարավային Կովկասում։ Սա եզակի հնարավորություն է։ Բոլոր երեք երկրների անկախության տարիներին Հարավային Կովկասը բաժանված է եղել։ 30 տարվա ընթացքում այն բաժանված է եղել Հայաստանի կողմից բռնազավթման պատճառով։ Հիմա ժամանակն է խաղաղություն հաստատել, համագործակցության հիմքեր դնել, և Ադրբեջանն աշխատում է դրա վրա»,- նշել է Ալիևը։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում

Լուսանկարը՝ APA գործակալության

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել