Արթուր Թովմասյանի հետ հանդիպմանը Ֆրանսուա Պուպպոնին հայտնել է, որ միջազգային ճանաչման համար պայքարում պատրաստակամ է աջակցել Արցախի ժողովրդին
18:02 - 16 հունիսի, 2022

Արթուր Թովմասյանի հետ հանդիպմանը Ֆրանսուա Պուպպոնին հայտնել է, որ միջազգային ճանաչման համար պայքարում պատրաստակամ է աջակցել Արցախի ժողովրդին

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի ուղեկցությամբ հանդիպել է  Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնիի հետ:

Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրասիա-Արցախ հարաբերությունները, ապագա ծրագրերն ու տեսլականները:

Ֆրանսուա Պուպպոնին հայտնել է, որ պատրաստակամ է աջակցել Արցախի ժողովրդին՝ միջազգային ճանաչման համար պայքարում:

Արթուր Թովմասյանը նշել է, որ բարձր է գնահատում Ֆրանսուա Պուպպոնիի անձնվեր աշխատանքը՝ որպես Արցախ- Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահի, ինչպես նաև, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել նաև բարեկամական շրջանակի անդամներին կատարած աշխատանքի համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2020թ. 44- օրյա պատերազմի հետևանքներին և Արցախում տիրող իրավիճակին:

Արցախի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է անցյալից դասեր քաղելու, կատարվածը հանրագումարի բերելու հրամայականի առջև։

Խոսելով Արցախի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը ջանում է օր առաջ լուծել  10-յակ հազարավոր բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային, զբաղվածության և սոցիալական խնդիրները:

Արթուր Թովմասյանը շեշտել է, որ  թեպետ առկա են  Հայաստանի Հանրապետությունից, , Սփյուռքի կազմակերպություններից ու գործարար շրջանակներից Արցախին տրամադրվող տարբեր աջակցություններ, այնուամենայնիվ, հնարավորությունները շարունակում են սուղ մնալ:

ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Ֆրանսուա Պուպպոնիին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ համակարծիք լինելու համար։

Հանդիպման շրջանակներում ընդգծվել է ռուս խաղաղապահների և Արցախի Հանրապետության  ՊԲ դերը՝ որպես  արցախահայության անվտանգության  հուսալի երաշխավորների։

«Արցախը երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում: Այն որպես  կարմիր գիծ պետք է ընկալվի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության և Արցախի բարեկամների համար: Մենք Արցախի միջազգային ճանաչմանը կհասնենք ուժերի կենտրոնացման և միասնականության շնորհիվ»,- ընդհանրացրել է ԱԺ նախագահը:

Հանդիպման ավարտին Արթուր Թովմասյանն իր մտահոգությունն է հայտնել Ֆրանսիայում հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքների վերաբերյալ։ Այս առումով իր աջակցությունն է հայտնել Ֆրանսուա Պուպպոնիին և Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի անդամ հանդիսացող, խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր պատգամավորներին:

Իր հերթին  Ֆրանսուա Պուպպոնին, ով ծագումով Կորսիկայից է, Արթուր Թովմասյանին հրավիրել է Կորսիկա: Արցախի Ազգային ժողովի նախագահը սիրով ընդունել է Կորսիկա այցի հրավերը և, օգտվելով առիթից՝ շնորհակալություն է հայտնել Կորսիկայի կողմից Արցախի անկախության ճանաչման համար։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել