Ռուսական կողմն ընդունել է, որ Փառուխում իրենց պարտավորությունը չեն կատարել. ՀՀ նախագահ
 |civilnet.am|
15:56 - 17 հունիսի, 2022

Ռուսական կողմն ընդունել է, որ Փառուխում իրենց պարտավորությունը չեն կատարել. ՀՀ նախագահ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, խոսել է Արցախի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակի մասին։

Խաչատուրյանի խոսքով՝ ռուսական կողմն ընդունել է, որ Փառուխում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ իրենց պարտավորությունը չեն կատարել։

«Մինչև հիմա դեռևս չպարզաբանված պայմաններում՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիները կարողացան բարձունք գրավել, հետո նահանջեցին, բայց դեռևս մի որոշակի տարածքում գտնվում են։ Քանի որ լարված օրեր էին, ես էլ եմ մասնակից եղել այդ քննարկումներին, մենք շատ կոշտ դիրքորոշում ենք ցուցաբերել և այդ դիրքորոշման արդյունքում, ի վերջո, ռուսական կողմն ընդունեց, որ այդտեղ բացթողում կա, և հիմա նրանք ներքին քննություն են անցկացնում՝ հասկանալու համար պատճառները։ Նրանք ընդունեցին, որ իրենց պարտավորությունը չեն կատարել»,- ասել է նա։

Նախագահը նշել է նաև, որ Փառուխում ծավալվող դեպքերի ժամանակ անգամ բարձրացվել է արցախցիներին Հայաստան տեղափոխելու հարցը։

«Հետաքրքիր իրադրություն էր այդ ժամանակ, որովհետև այնքան լարված էր իրավիճակը, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից խնդիր էր դրված՝ եթե խաղաղապահները չեն կարող մեր անվտանգությունն ապահովել, մենք վերադառնանք Հայաստան։ Այդպիսի խոսակցություն եղել է։ Եվ պատասխանը հակառակն է եղել ռուսական կողմից, որ մենք պարտավոր ենք ապահովել ձեր անվտանգությունը, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դուք անվտանգ ապրեք, դուք կարող եք նաև ներկայացնել ներդրումային ծրագրեր, մենք պատրաստ ենք դրանք ֆինանսավորել, դուք պետք է մեր պայմանավորվածությունների շրջանակում ապրեք այդտեղ։ Սա նրանց վերջին խոսքն է եղել, և դրանից հետո մենք տարածքային կոնֆլիկտներ չենք ունեցել»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։

***

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, և մինչ օրս հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15 հոգի վիրավորվել է։

Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում, սակայն ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել