Հայաստանը ԱՀԿ և ԵՄ աջակցությամբ ուժեղացնում է հոգեկան առողջության ծառայությունները հակամարտությունից տուժածների համար
21:35 - 17 հունիսի, 2022

Հայաստանը ԱՀԿ և ԵՄ աջակցությամբ ուժեղացնում է հոգեկան առողջության ծառայությունները հակամարտությունից տուժածների համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) հետ համագործակցությամբ սկսել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրը` զինված հակամարտությունից տուժած բնակչության համար։ Այս մասին տեղեկացրին ԱՀԿ հայաստանյան գրասենյակից։

««Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը նպատակ ունի նպաստելու հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությանն և հոգեսոցիալական աջակցությանն ուղղված ծառայությունների հասանելիութանը՝ վերապատրաստելով առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողներին։ Հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրը կիրականացվի Երևանում և չորս մարզերում՝ Կոտայքում, Արարատում, Գեղարքունիքում և Սյունիքում։ Ծրագրի շնորհիվ նշված մարզերում առաջնային բուժօգնության հաստատությունների 20 տոկոսը հնարավորություն կունենա տրամադրել հոգեկան առողջության և հոգեսոցիալական որակյալ և ապացուցահեն աջակցություն: 

Հունիսի 16-ին Գորիսում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի, Եվրոպական հանձնաժողովի ԵՄ Հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում ներկայացվեց «Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագրի նպատակները և հիմնական ուղղությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը ընդգծել է հոգեկան առողջության կարևորությունը և հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագրի դերը այս խնդրի հասցեագրման գործում: «Հոգեկան առողջությունը առողջապահական ոլորտի օրակարգային առաջնահերթություններից մեկը դարձնելը կնպաստի անհատների, ընտանիքների և համայնքների բարեկեցությանը», - ասել է դեսպանը։ 

«Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում ԱՀԿ-ի և ԵՄ-ի հետ այս կարևոր համագործակցությունը։ «Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագիրը մեծ ներուժ ունի՝ բարելավելու համայնքներում որակյալ հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը և հասցեագրելու զինված հակամարտությունից տուժած բնակչության հոգեկան առողջության և հոգեսոցիալական խնդիրները», -նշել է հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագրի ԱՆ համակարգող Քրիստինե Գալստյանը։ 

Ըստ աղբյուրի՝ մեկնարկային հանդիպմանը հաջորդել է շահագրգիռ կողմերի հանդիպումը Կապան քաղաքում՝ ԱՀԿ ներկայացուցիչների, Սյունիքի մարզպետարանի, հոգեկան առողջության ոլորտի մասնագիտական համայնքի և առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ: Մասնակիցները քննարկեցին հոգեկան առողջության ոլորտում մարզում առկա հիմնախնդիրները և ծրագրի միջոցով հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության կարիք ունեցող մարդկանց որակյալ համայնքային ծառայություններ տրամադրելու հնարավորությունները: 

Նշվում է, որ Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Ժիհան Թաուիլան նշեց. «Իրական փոփոխություններ իրականացնելու համար մենք պետք է աշխատենք Հայաստանում ավելի ճկուն համակարգեր կառուցելու ուղղությամբ: Մենք հուսով ենք, որ հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրը կնպաստի առողջության առաջնային պահպանման օղակի աշխատակիցների կարողությունների հզորացմանը և լավ փորձ կհանդիսանա ազգային քաղաքականության համար՝ նպաստելով հոգեկան առողջության ծառայությունների ինտեգրմանը Հայաստանի առողջության առաջնային պահպանման ծառայություններում»: 

 

Նախագծի մասին 

Հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրը գործարկվել է ԱՀԿ-ի կողմից 2008 թվականին՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել ոչ մասնագիտացված առողջապահական հաստատություններին ընդլայնել հոգեկան, նյարդաբանական և թմրամիջոցների օգտագործման խնդիրների հասցեագրման ծառայությունները։  

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հայաստանի առողջապահության նախարարության համատեղ ջանքերով: Ծրագիրը կտրամադրի ապացուցահեն գործիքներ և վերապատրաստում՝ հոգեկան առողջությունը Երևանի և Հայաստանի 4 մարզերի առողջության առաջնային պահպանման համակարգում ինտեգրելու համար՝ ապահովելով որակյալ աջակցության հասանելիությունը զինված հակամարտությունից տուժած բնակչության համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել