ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման. ԱՄՆ փոխպետքարտուղար
 |azatutyun.am|
18:10 - 20 հունիսի, 2022

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման. ԱՄՆ փոխպետքարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման, անցած շաբաթավերջին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը։

Երևան ժամանելուց առաջ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ էր ունեցել Վրաստանում ու Ադրբեջանում։

Քերըն Դոնֆրիդ. ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում:

«Ազատություն». - Համագործակցելո՞վ Ռուսաստանի հետ:

Քերըն Դոնֆրիդ. - Այո՛։ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ, այո՛: Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը։

«Ազատություն». - Բայց կա ևս մեկ խոչընդոտ. Ալիևն ասում է` «կարիք չկա, շնորհակալություն»:

Քերըն Դոնֆրիդ. - Դե, Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին։ Միացյալ Նահանգներն աջակցում է, և մենք մասնակցում ենք այդ գործընթացին և կշարունակենք մասնակցել։

Ի պատասխան «Ազատության» հստակեցնող հարցին՝ փոխպետքարտուղարը տեղեկացրեց՝ Մինսկի խմբի թեման բարձրացրել է նաև Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպման ընթացքում, այլ մանրամասներ, սակայն, չփոխանցեց։

Բաքվում` Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններից հետո ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ասել էր՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու լավ հեռանկար կա։

«Ազատություն». - Իսկ արդյո՞ք հնարավոր է հասնել տևական խաղաղության, երբ Ադրբեջանի նախագահը պարբերաբար վերադառնում է ռազմատենչ հռետորաբանությանը, խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին ու տասնյակ հայերի պահում Բաքվի բանտերում։

Քերըն Դոնֆրիդ. - Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլորս մտածենք, թե ինչ հռետորաբանության ենք օգտագործում: Անկասկած, բառերը կարևոր են: Այնպես որ, մենք պետք է ուշադիր լինենք դրանք օգտագործելիս։ Կարծում եմ, որ գործողությունները նույնպես կարևոր են: Բայց եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցման ուղղությամբ առաջընթաց պետք է լինի, ապա կասկած չկա, որ մարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց խոսքերի նկատմամբ և հետևեն իրենց գործողություններին:

«Ազատություն». - Ուկրաինայի վերջին զարգացումները ցույց տվեցին նաև, թե որքան միասնական և ամուր կարող է լինել Արևմուտքը՝ պաշտպանելու այն երկրին, որը հարձակման է ենթարկվում ռազմատենչ հարևանի կողմից: Արդյո՞ք Հայաստանը կարող է Արևմուտքից ակնկալել նման ուժեղ և տեսանելի օգնություն, միգուցե՝ ռազմական աջակցություն, եթե ստիպված լինի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը։

Քերըն Դոնֆրիդ. - ԱՄՆ-ը, աջակցելով Ուկրաինային, ցույց է տալիս, որ խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ։ Խոսքը նաև հիմնարար սկզբունքների մասին է, այն է՝ հարգանքը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, յուրաքանչյուր երկրի՝ իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը ընտրելու իրավունքի նկատմամբ: Մեր նպատակն է ապահովել, որ Ռուսաստանը երբեք չձեռնարկի նման ագրեսիվ ներխուժում որևէ այլ երկրի նկատմամբ: Ես նաև ուզում եմ հստակ ասել, որ որքան էլ կարևոր լինի այդ պատերազմը, որքան էլ կարևոր լինի մեր աջակցությունը Ուկրաինային, չի նշանակում, որ մենք ուշադրություն չենք դարձնում այլ խնդիրներին, Եվրոպայի այլ մասերին։ Եվ ես հույս ունեմ, որ իմ այցն այստեղ դրա շատ վառ օրինակն է: Իրավիճակը Հարավային Կովկասում շատ կարևոր է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել