Վարչապետի մոտ քննարկվել է կրթության բարեփոխումների ընթացքը
15:21 - 27 հունիսի, 2022

Վարչապետի մոտ քննարկվել է կրթության բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կրթական բարեփոխումների օրակարգի և ընթացքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Քննարկվել են կրթության ոլորտի ռազմավարության մշակմանը և այդ համատեքստում բարձրագույն, մասնագիտական կրթության ու հանրակրթության բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին, բարձրագույն կրթության որակի չափորոշիչներին և ռազմավարական ուղենիշներին, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական հմտությունների զարգացմանը, օտար լեզուներով կրթության հնարավորություններին, ակադեմիական ստեղծագործ միջավայրի ձևավորմանը, գերատեսչական բուհերի գործունեությանը և այլ թեմաների: Ներկայացվել է մասնագիտական կրթության ռեֆորմի ընթացքը, քննարկվել են հանրակրթության բնագավառում արդեն իսկ մեկնարկած աշխատանքները:

Վարչապետն ընդգծել է, որ կրթության ոլորտի բարեփոխումը  Կառավարության բացարձակ առաջնահերթություններից է, և այս բնագավառում պետք է գնալ ռազմավարական լուծումների՝ ապահովելով հանրակրթություն - մասնագիտական կրթություն–բարձրագույն կրթություն շղթայի փոխգործելիությունը:  Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է ինտենսիվ շարունակել կրթության ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներն՝ առանցքում ունենալով կրթության բովանդակային, ֆիզիկական ենթակառուցվածքների ձևավորման և բարձրորակ մասնագիտական համալրվածության խնդիրների լուծումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել