Ադրբեջանը փորձում է նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորել․ Նիկոլ Փաշինյան
20:42 - 27 հունիսի, 2022

Ադրբեջանը փորձում է նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորել․ Նիկոլ Փաշինյան

Այսօր նախատեսված էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպում, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է այդ հանդիպմանը մասնակցելուց: Այդ մասին ԶԼՄ-ների և ՀԿ-ների հետ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչ փուլում են սահմանազատման և կոմունիկացիաների բացման գործընթացները, վարչապետը նշեց, որ վերջին շրջանում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձ են անում տպավորություն ստեղծել, որ Հայաստանի Հանրապետությունը փորձում է հետաձգել նաև «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով» հանձնաժողովի աշխատանքը։ 

«Մինչդեռ պետք է արձանագրել, որ նախորդ հանդիպումը, որը տեղի ունեցավ Հայաստան- Ադրբեջան սահմանին հենց համատեղ որոշում կայացվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա առնվազն մեկ ամիս անց՝ Մոսկվայում։ Սա եղել է համատեղ որոշում, բայց երբ կարդում ենք ադրբեջանական կողմի հայտարարությունները կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը խուսափում է այդ աշխատանքին մասնակցել»,- հավելեց վարչապետը, նշելով, որ միայն մայսիսին Հայաստանը երկու անգամ պատրաստակամություն է հայտնել անգամ իրականացնել «Սահմանազատման  և սահմանային անվտանգության հարցերով» հանձնաժողովների համատեղ նիստ , սակայն երկու դեպքում էլ Ադրբեջանի կողմից մերժվել կամ չեղարկվել է այդ հանդիպումը։

«Բնական  հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում նման տպավորություն ստեղծել, սրանով նրանք փորձում են կաթիլ- կաթիլ  կուտակել Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն»․ եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել