Լաչինի նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Նիկոլ Փաշինյանը՝ Բերձոր և Աղավնո համայնքների մասին
21:24 - 27 հունիսի, 2022

Լաչինի նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Նիկոլ Փաշինյանը՝ Բերձոր և Աղավնո համայնքների մասին

Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվել  ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, դրանք անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով  Աղավնո և Սուս համայնքների ճակատագրի վերաբերյալ հարցին։

«Նախնական ըմբռնում կա, որ Լաչինի միջանցքի գործող երթուղին պետք է փոփոխության ենթարկվի։ Մենք այս ընթացքում քննարկումների մեջ ենք եղել և երթուղու փոփոխության հարցում քննարկումներ եղել են։ Նախնական համաձայնություններ ձեռք են բերվել և այդ փոփոխության նպատակը ԼՂ-ի և Հայաստանի համար ավելի հուսալի ամուր, ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է»․ - ասաց վարչապետը։ 

Փաշինյանը նաև հավելեց, որ երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն կսահմանեն նոր երթուղու նկատմամբ։ 

Հարցին, թե արդյոք վերոնշյալ համայնքների բնակիչները կտեղահանվեն, Փաշինյանն ասաց․

«Ես վստահ չեմ, որ խոսքը բոլոր այդ բնակավայրերի մասին է։ Լաչինում այսօր ընտանիքներ չեն ապրում և կառավարության որոշմամբ լուծել ենք։ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները կլուծվեն Արցախի կառավարության միջոցներով, իսկ Սուս գյուղի մասով ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն դեպքում տրամաբանությունը այն է, որ նախկինում ԼՂԻՄ սահմաններում չգտնվող համայնքները անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերի համաձայնությամբ երեք տարվա ընթացքում պետք է տեղի ունենա Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել