Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ․ Մհեր Գրիգորյան
 |armtimes.com|
11:12 - 29 հունիսի, 2022

Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ․ Մհեր Գրիգորյան |armtimes.com|

armtimes.com: Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խումբը կարողացավ մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ։

Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում: Սա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության վերաբերյալ»,- ասել է նա։

ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են ճանապարհային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու հետագա օգտագործման հետ կապված հարցերի մշակումը»։

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այնուհետև այդ նպատակով որոշվեց երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել