Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը, ըստ Արցախի նախագահի, «շատ ավելի անվտանգ է լինելու»
 |azatutyun.am|
14:06 - 30 հունիսի, 2022

Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը, ըստ Արցախի նախագահի, «շատ ավելի անվտանգ է լինելու» |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը «շատ ավելի անվտանգ է լինելու»։

Խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ Հարությունյանը շեշտեց՝ նոր մայրուղու ընտրության հարցով քննարկումներին մասնակցել է նաև Ստեփանակերտը, ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված որոշ հանգամանքներ, որոնց մասին Արցախի նախագահը նախընտրեց չբարձրաձայնել:

«Մենք ընտրել ենք ըստ մեզ լավագույն տարբերակը, կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել, ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով անվտանգային մեր խնդիրը», - հայտարարեց Հարությունյանը՝ հավելելով, որ ճանապարհը կառուցվելուց հետո դրա որակի, անվտանգության հետ կապված Ստեփանակերտը իր կարծիքը կհայտնի։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի։ Ադրբեջանն արդեն ավարտում է Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի շինարարությունը, հայկական կողմը դեռ չի սկսել։

Շաբաթասկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին՝ այդպիսով ըստ էության հաստատելով, որ Ադրբեջանին են անցնելու Բերձորը, Աղավնոն և Սուսը։

Արցախի նախագահը, սակայն, այսօր վստահեցրեց, որ բնակավայրերի հայաթափման հարցը չի քննարկվել։ Մոտ 200 բնակիչ ունեցող Աղավնոյի հետ կապված բանակցությունները, Հարությունյանի խոսքով, շարունակվում են։

«Այդ հարցը թողեք, տեսնենք ինչ հնարավորություններ կան», - ասաց Արցախի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել