ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի 4 թեկնածուներից մեկին չի ընտրել․ ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում նոր թեկնածուի կառաջադրի
15:14 - 30 հունիսի, 2022

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի 4 թեկնածուներից մեկին չի ընտրել․ ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում նոր թեկնածուի կառաջադրի

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ընթացքում Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի համար առաջադրված դատավորի 4 թեկնածուներից մեկին չի ընտրել։ 

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը այդ պաշտոնի համար 12 թեկնածուների էր առաջադրել, որոնք ներկայացված էին եռյակներով։

ԱԺ-ն յուրաքանչյուր եռյակից պետք է ընտրեր մեկ թեկնածուի։ Երեկ և այսօր տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում Սերգեյ Չիչոյանը, Կարեն Բիշարյանը և Արտակ Կրկաշարյանը ընտրվել էին այդ պաշտոններում։

ԲԴԽ-ի ներկայացրած թեկնածուների վերջին եռյակում ընդգրկվել էին Ռուբիկ Մխիթարյանը, Արսեն Նիկողոսյանը, Արթուր Սարգսյանը։ Նրանց քվեարկությանը այսօր 62 պատգամավոր մասնակցեց, իսկ ձայները հետևյալ կերպ բաշխվեցին․ Ռուբիկ Մխիթարյան՝ կողմ 29, Արսեն Նիկողոսյան՝ կողմ 0, Արթուր Սարգսյան՝ կողմ 33:

Ձայների այս հարաբերակցության արդյունքում թեկնածուներից ոչ ոք չընտրվեց, ուստի, ըստ ԱԺ կանոնակարգի, անցկացվեց թեկնածուների ընտրության երկրորդ փուլը, որին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։

Թեկնածուները կրկին ելույթներ ունեցան, նոր քվեարկություն նշանակվեց, սակայն Ազգային ժողովը դարձյալ չընտրեց Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորի․ քվեարկության երկրորդ փուլին պատգամավորներից 55-ն էին մասնակցել, ձայները բաշխվել էին հետևյալ կերպ․ Ռուբիկ Մխիթարյան՝ կողմ 40, Արթուր Սարգսյան՝ կողմ 15:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ քվեարկությունից հետո 10-օրյա ժամկետում ԲԴԽ-ն պետք է առաջադրի նոր թեկնածուի։ ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտվեց։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել