Այս որոշմամբ տարկետման ինստիտուտը վերադարձնում ենք բուհական համակարգ. Փաշինյան
12:33 - 07 հուլիսի, 2022

Այս որոշմամբ տարկետման ինստիտուտը վերադարձնում ենք բուհական համակարգ. Փաշինյան

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին։

Նախագծի հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ասաց՝ 2017 թ․-ին զինծառայության օրենքում փոփոխություն կատարելուց հետո, ըստ էության, մեր շրջանավարտները զրկվեցին ՀՀ բուհերում անընդհատ կրթություն ստանալու իրավունքից, որովհետև նրանք բոլորը պետք է զորակոչվեին  բանակ՝ բացառությամբ օլիմպիադաներում մեդալներ նվաճած ուսանողների, շրջանավարտների:

«Առաջարկվում է կառավարությանը լիազորել, որ համապատասխան բնագիտական մասնագիտություններով և որոշակի հստակ բուհերին տրամադրվի որոշակի քանակ տեղեր, որը կենթադրի տարկետման իրավունք բակալավրիատ մուտքին»։

Երկրորդ կետը, ըստ Վահրամ Դումանյանի, վերաբերում է զորակոչի տարիքի փոփոխությանը։ «Դեռևս խորհրդային շրջանից զորակոչի ենթակա էին 18-ը լրացած և  մինչև 27 տարեկան արական սեռի քաղաքացիները։ Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները այս վերջին տարիներին լրջագույն խնդրի էին առնչվում․ եթե խորհրդային շրջանում դպրոցը 10 տարի էր, և 17 տարեկանում էին ավարտում, այժմ դպրոցը 12-ամյա է և նրանք, ըստ էության, ավարտում են 18, երբեմն 19 տարեկանում։ Եթե գումարում ենք, ստանում ենք այն տարիքը, երբ ասպիրանտը դեռևս երրորդ տարվա ուսուցման շրջանում զորակոչվում է բանակ և այստեղ խնդիր է առաջանում և տարբեր ոչ բնական լուծումներ են փնտրում։ Այս փոփոխությամբ առաջարկում ենք նրանց զորակոչի տարիքը սահմանել մինչև 28 տարին, որպեսզի արագացված դիսերտացիայի պաշտպանություններ և այլ երևույթներ չլինեն և ուսանողը առանց այլևայլ սթրեսների ասպիրանտուրան ավարտի»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ որ այս որոշմամբ տարկետման ինստիտուտը վերադարձնում են բուհական համակարգ. «Կարեւոր է արձանագրել, որ մենք այս որոշումը կայացնում ենք կառավարությանը թողնելով հասցեականության որոշակի հայեցողություն։ Այսինքն ոչ թե ասում ենք՝ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ տարկետում է ստանում, այլ ամեն տարվա համար հասցեական, որոշակի մասնագիտությունների, որոշակի բուհերի կտանք տարկետման հնարավորություն ունեցող տեղեր՝ կախված կառավարության ծրագրի և գործունեության առաջնահերթություններից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել