Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի. Քերոբյան |armenpress.am|
13:54 - 07 հուլիսի, 2022

Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Լարսի թողունակությունը վերջին 1.5 ամսվա ընթացքում էապես մեծացել է: ՀՀ կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Կրկնակի ավելացել է հայկական մեքենաների թողունակությունը: Եթե երկու ամիս առաջ Լարսով անցնող  հայկական մեքենաների միջին օրական քանակը 130 էր,  հիմա մոտավորապես 250 է»,-ասաց նա:

Քերոբյանի խոսքով` արագ փչացող ապրանքների արագ անցումը էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքն ու նվազեցրել է ռիսկերը:

«Կարծում ենք, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի, հերթերը կվերանան, և մենք խնդիր չենք ունենա մինչև եղանակային պայմանների վատանալը»,-ասաց նա:

Անդրադառնալով լաստանավային փոխադրումների տարբերակներին՝ նախարարն ասաց, որ ակնկալվում է` հարցը լուծում կստանա մոտակա օրերին: «Եթե ոչ, Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք նույն գործողությունն անել և ստեղծել ալտերնատիվ տարբերակ: Խնդիրն այն է, որ Հոլանդական ընկերությունը միացել է Ռուսաստանի դեմ սանկցիաներին և սանկցիաների պատճառով թույլտվության ստացումն ուշանում է: Բաթումիի ընկերությունը ղեկավարվում է ֆիլիպինյան ընկերության կողմից, որտեղից թույլտվություն ստանալն ավելի հեշտ է: Կարծում ենք, որ լավ տարբերակը Փոթիի նավահանգիստն է, բայց եթե դա չլինի, կանենք երկրորդ տարբերակը»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով գնաճին՝ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ կենտրոնական բանկն իր գործիքակազմով պայքարում է գնաճի դեմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել