Գայ համայնքում կառուցվում է նոր մանկապարտեզ, կհիմնվի նաև առողջության կենտրոն. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին |armenpress.am|
16:10 - 09 հուլիսի, 2022

Գայ համայնքում կառուցվում է նոր մանկապարտեզ, կհիմնվի նաև առողջության կենտրոն. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին |armenpress.am|

armenpress.am: Արաքս խոշորացված համայնքի Գայ բնակավայրում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառուցվում է նոր մանկապարտեզ: Արմավիրի մարզ այցելության շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքներին:

Վարչապետը կարևորել է ոչ միայն շենքի կառուցումը, այլ նաև ֆինանսական մնացած հարցերի՝ կոմունալ ծախսերի, աշխատավարձերի, գույքի հարցի լուծումը՝ համայնքի բյուջեով:  Մարզպետը վստահեցրել է, որ այդ առումով խնդիր չկա:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է, որ մանկապարտեզը կառուցվում է սուբվենցիայով: Բայց դեռ կա 2 փուլ, փուլերից մեկը լինելու է տարածքի բարեկարգումը, մյուսը՝ գույքով հագեցվածության ապահովումը:

Մանկապարտեզի շենքի կառուցումը կավարտվի 2 ամսից:

Կառավարության եւ համայնքի համաֆինանսավորմամբ բնակավայրում կհիմնվի նաեւ առողջության նոր կենտրոն:

Փաշինյանը հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ է գործող առողջության կենտրոնը վատ վիճակում: «Եկեք սիրուն, փոքր ամբուլատորիա կառուցենք այստեղ»,-ասել է Փաշինյանը:

Արմավիրի մարզպետը տեղեկացրել է, որ դա ծրագրերի մեջ է: Նոր առողջության կենտրոնի հիմնումը նախատեսվում է կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ, կառավարության մասնակցությունը մոտ 50 տոկոս է: «Անպայման պետք է անենք»,-քաղաքացիներին վստահեցրել է վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել