Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարով Եվրոպայի գազի մատակարարումը
 |hetq.am|
15:09 - 11 հուլիսի, 2022

Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարով Եվրոպայի գազի մատակարարումը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է դեպի Եվրոպա գազի մատակարարումը արտահանման հիմնական երթուղով՝ «Հյուսիսային հոսքով» ։ Ըստ ռուսական կողմի՝ պատճառը գազատարի ամենամյա պլանային տեխսպասարկումն է։ Եվրոպայում մտահոգված են, քանի որ Ռուսաստանը կարող է չվերականգնել գազի մատակարարումները։ Այս պահի դրությամբ Ռուսաստանից Եվրոպա բնական գազը մատակարարվում է միայն մեկ տրանզիտային խողովակով, որն անցնում է Ուկրաինայի տարածքով։

Նախագծի օպերատոր ընկերությունը՝ Nord Stream AG-ն նշել է, որ «Հյուսիսային հոսքում» պրոֆիլակտիկ աշխատանքները հնարավորություն են տալիս ապահովելու գազատարի արդյունավետ, անվտանգ և հուսալի շահագործումը։ Ընդ որում, ռուսական կողմը նշում է, որ գազի մատակարարման դադարեցումը համաձայնեցված է եղել փոխադրմամբ զբաղվող գործընկերների հետ։

Նախորդ տարի գազատարի պլանային սպասարկումը ևս կայացել էր հուլիսի կեսերին։ 2021 թվականին «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը հասել էր 2020 թվականի պատմական ռեկորդային ցուցանիշին՝ 59.2 միլիարդ խորանարդ մետր։ Այս գազատարն անցնում է Բալթիկ ծովի հատակով՝ ռուսական Վիբորգ քաղաքից մինչև Գերմանիայի Գրայֆսվալդ քաղաք։ Օպերատորը Nord Stream AG ընկերությունն է, որի 51 %-ը պատկանում է Գազպրոմի դուստր ընկերությանը, 15,5-ական %՝ գերմանական Wintershall Dea և E.ON ընկերություններին, ևս 9-ական %՝ հոլանդական N. V. Nederlandse Gasunie-ին և ֆրանսիական Engie-ին։

Այդուհանդերձ, եվրոպացիները մտահոգություններ ունեն, որ Վլադիմիր Պուտինի անմիջական կարգադրությամբ կարող է չվերականգնվել այս գազատարով ռուսական գազի մատակարարումը Եվրոպային։ Գերմանիան արդեն նորմավորում է տաք ջուրը, իսկ ամբողջ Եվրոպան պատրաստվում է հայտարարել արտակարգ միջոցառումների մասին։ Նախագիծն ի հայտ կգա արդեն այս շաբաթ։ «Իրավիճակը շատ լուրջ է, և ճգնաժամը կարող է ավելի ուժեղանալ։ Չի բացառվում, որ Ռուսաստանը կշարունակի կրճատել գազի մատակարարումը»,- «Հյուսիսային հոսքի» պրոֆիլակտիկ անջատումից քիչ առաջ խոստովանել էր եվրոկոմիսար Կադրի Սիմսոնը։

Դեռ երեք տարի առաջ «Գազպրոմն» օրական մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ էր մատակարարում Եվրոպային։ Այս տարվա մայիսի սկզբին այն կազմում էր օրական ընդամենը 250 միլիոն։ Հուլիսի սկզբին այն հասել էր 140 միլիոնի։ Ընդ որում, «Թուրքական հոսքի» պրոֆիլակտիկ անջատման ժամանակ այն ընկել էր՝ հասնելով ռեկորդային 100 միլիոն խորանարդ մետրի։ Առաջիկա 10 օրերին Եվրոպային օրական խոստանում են միայն 75 միլիոն խորանարդ մետր բնական գազ։ 

Նախորդ շաբաթ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ անհրաժեշտ է պատրաստվել գազի մատակարարման հետագա խափանումներին և «նույնիսկ Ռուսաստանի կողմից ամբողջական անջատման»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել