Հայկական արժեքները՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» փառատոնում
13:40 - 12 հուլիսի, 2022

Հայկական արժեքները՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» փառատոնում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Սախայի Հանրապետության (Յակուտիա) մշակույթի և հոգևոր զարգացման նախարարության ու տեղի հայ համայնքի համագործակցությամբ Հայաստանը մասնակցել է Յակուտսկ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի ունեցող «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» չորրորդ միջազգային փառատոնին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն։

«Այն նվիրված էր Ռուսաստանի և աշխարհի տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգությանը։ Մասնակցում էին Հայաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների՝ Կալմիկիայի, Ալթայի, Տիվայի, Բուրյաթիայի, Յակուտիայի շուրջ 100 ներկայացուցիչներ։ 

Փառատոնին Հայաստանը ներկայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցված «Քոչարի» պարի և «Սասունցի Դավիթ» էպոսի հանրահռչակմամբ։

Փառատոնին «Քոչարի» պարը ներկայացնելու պատիվը «Արդվին» ազգագրական երգ ու պարի անսամբլինն էր, որը հանդես է եկել «Քոչարու» 5 տարբերակների ընդհանրացված բեմադրությամբ, իսկ «Սասունցի Դավիթ» էպոսը ներկայացրել է «Կայթ» կրթամշակութային հանգույցի հիմնադիր-ղեկավար Կորյուն Դավթյանը:

Յակուտսկի օպերայի և բալետի պետական թատրոնում տեղի ունեցած ամփոփիչ համերգը եզրափակվել է «Արդվին» ազգագրական երգ ու պարի անսամբլի հայկական «Քոչարի» պարի կատարմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել