ՊԵԿ-ը կանխել է չգրանցված դեղանյութերի վաճառքի դեպքեր
15:26 - 12 հուլիսի, 2022

ՊԵԿ-ը կանխել է չգրանցված դեղանյութերի վաճառքի դեպքեր

Բացահայտվել և կանխվել են Հայաստանի տարածքում տարբեր դեղատների միջոցով իրականացվող ՀՀ-ում չգրանցված դեղերի մանրածախ վաճառքի դեպքեր: Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տարածած հաղորդագրությունից:

«Տեղեկություններ էին ստացվել, որ հանրապետությունում գործող մի քանի դեղատներում  իրացվում են իմունոթերապիայի բուժման ժամանակ օգտագործվող, ՀՀ դեղերի գրանցամատյանում չգրանցված, չդրոշմապիտակավորված, հայերեն տառերով չմակնշված, առանց տուփի դեղամիջոցներ, որոնց շուկայական գինը հանրապետությունում  տատանվում է 150,000-800,000 դրամի շրջանակում: Ստացված տեղեկությունները ճշտելու և օրինախախտներին բացահայտելու նպատակով ձեռնարկվել և իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Մի շարք տնտեսվարողների նկատմամբ ձեռնարկված և իրականացված  համապատասխան միջոցառումների ժամանակ կանխիկ դրամով գնվել են տարբեր դեղանման ապրանքներ: Նշված դեղանման ապրանքների էությունը, ՀՀ դեղերի գրանցամատյանում գրանցված լինելը և դրանց մեջ հոգեմետ նյութերի առկայության հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան հարցումներ են կատարվել Առողջապահության նախարարություն  և  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Ստացված պատասխան գրություններից պարզվել է, որ ՀՕՀՎ աշխատակիցների կողմից ձեռք բերված դեղանման ապրանքները հանդիսանում են դեղամիջոցներ և գրանցված չեն ՀՀ դեղերի գրանցամատյանում: Կազմված համապատասխան արձանագրությունները, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները՝ կից նյութերով ուղարկվել են ՊԵԿ ՀՕՀՎ հետաքննության բաժին, հետագա ընթացքն ապահովելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Տվյալ դեղերի իրական մատակարարների շրջանակը և այդ դեղերը հանրապետության տարածքում զարտուղի ճանապարհներով հայտնվելու հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են համապատասխան աշխատանքներ։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել են նաև ՀՀ հարկային օրենսգրքի 408 և 416 հոդվածների պահանջների խախտումներ, այն է՝ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու, ՀԴՄ սարք չունենալու, ինչպես նաև առանց համապատասխան լիցենզիայի, լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման դեպքեր:

ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում են հանրապետությունում  դեղերի վաճառքի, ՀՀ սուբյեկտների կողմից իրականացվող առևտրային գործարքների օրինականության վերահսկողություն և մշտադիտարկումներ: Կոմիտեն   հորդորում է հարկ վճարողներին զերծ մնալ նմանատիպ գործունեություն իրականացնելուց հետագա վարչական և քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել