Հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Սիմիդյանը հանդիպել է Իրանի նախագահի տեղակալի հետ
15:43 - 13 հուլիսի, 2022

Հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Սիմիդյանը հանդիպել է Իրանի նախագահի տեղակալի հետ

«Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջաղեի հետ։
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հյուրընկալության համար և կարևորել տարածաշրջանում բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված համաժողովի կազմակերպումը։
 
«Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և մեր փոխգործակցության արդյունքում տարբեր ոլորտներում արդեն իսկ գրանցել ենք նշանակալի արդյունքներ։ Իսկ շրջակա միջավայրի ոլորտում մեր համագործակցությունը զարգանում է բավականին դինամիկ և օգտավետ»,- նշել է նախարարը։
 
Խոսելով հայ-իրանական արդյունավետ համագործակցության փորձի մասին՝ նախարարն անդրադարձել է նաև Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ կնքված փոխըմբռնման հուշագրին, որով կողմերն արձանագրել են առևտրի, արդյունաբերության, առողջապահության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:
 
Կողմերն առավել մանրամասն քննարկել են հուշագրով սահմանված պահանջներին համապատասխան համագործակցության քայլերը։
 
Անդրադարձ է կատարվել Արաքս սահմանային գետի վերաբերյալ վերջին ամիսների արդյունավետ համատեղ աշխատանքին։ Նախարարը հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել շարունակել համագործակցությունը խնդիրների լուծման ուղղությամբ և հույս հայտնել, որ այդ փոխգործակցության արդյունքում առաջիկայում առավել տեսանելի արդյունքներ կգրանցվեն։
 
Քննարկվել են ոլորտին առնչվող այլ ընթացիկ հարցեր։
 
Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հրավերի ու ընդունելության համար և գործընկերներին հրավիրել Հայաստան՝ հույս հայտնելով, որ փոխայցելությունները կխթանեն առավել արդյունավետ համագործակցությունը և կօգնեն կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել